Մինչ Իրանը պատրաստվում է ցուցադրել իր տարածքում ոչնչացված օտարերկրյա ԱԹՍ-ները՝ փոձագետներն արդեն իսկ ակտիվորեն քննարկում են Իրանում հավանական պատերազմը: Այդ համատեքստում չի շրջանցվում՝ ԼՂ-ի հարցը և Ադրբեջանի ենթադրյալ ագրեսիան Հայաստանի նկատմամբ: Իսկ ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարեց իրաքյան պատերազմի ավարտի մասին: Գերմանիան ևս հետ չի մնում և պատրաստվում է փետրվարին զորքերը դուրս բերել Աֆղանստանից: Թուրք զինվորներն էլ PKK 8 մարտիկ են սպանել: Հայաստանում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը հանդիպել է Հայաստանում Հունաստանի ռազմական կցորդի հետ:
Իրանը պատրաստվում է ցուցադրել իր օդային տարածքում ոչնչացված 4 իսրայելական և 3 ամերիկյան անօդաչու ինքնաթիռներ, որոնց թվում է լինելու նաև վերջերս վնասազերծված RQ-170 Sentinel անօդաչուն:
Ռազմական փորձագետները դիտարկում են տարածաշրջանում նոր պատերազմի հավանականությունը՝ նշելով, թե Ռուսաստանը պատրաստվում է իրանաիսրայելական հավանական պատերազմին, որն իրականացվելու է ԱՄՆ թույլտվությամբ:
- «Կրեմլը տեղեկություններ է ստանում, թե շատ շուտով Իսրայելը, ԱՄՆ –ի աջակցությամբ, հնարավոր է՝ հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Իրանի դեմ պատերազմը սպառնում է աղետ դառնալ Ռուսաստանի համար, քանի որ վերջինս կկորցնի իր ամրակետը Հարավայի Կովկասում՝ Հայաստանի 102–րդ ռազմաբազան»,– գրում է Tert.am-ը՝ վկայակոչելով ռուսական Newsru.com կայքը, որն էլ իր հերթին հենվում է «Նեզավիսիմայա գազետա»-ի հրապարակման վրա։
- «Եթե Իրանում պատերազմի պայմաններում Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ապա ՌԴ-ն ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումների հետ՝ հետ կմղի հակառակորդի բոլոր ավիացիոն հարձակումները, սակայն ՌԴ զորքերը չեն մասնակցի ռազմական գործողություններին ԼՂ-ի տարածքում: Իսկ Հայաստանին ռազմական սպառնալիքների ծագման դեպքում Ռուսաստանն ամենայն հավանակնությամբ կմասնակցի ցամաքային մարտերին»,- ասել է ռուս ռազմական փորձագետ, գնդապետ Վլադիմիր Պոպովը:
- Իսկ «Ժամանակակից աշխարհի քաղաքականության և կրոնների ռազմավարական հետազոտությունների կենտրոն» տարածաշրջանային ՀԿ-ի ղեկավար Մաքսիմ Շևչենկոն Ադրբեջանին խորհուրդ չի տալիս մտածել ԼՂ-ի հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին. «Եթե Ադրբեջանում ենթադրում են, որ պատերազմն Իրանում կօգնի իրենց լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով, ապա դա սխալական կարծիք է: Նման քայլը շատ լուրջ գործընթացների կհանգեցնի: Ադրբեջանի տնտեսական զարգացման` վերջին տարիներին դիտվող ողջ դինամիկան մի ակնթարթում կանհետանա»:
- Շևչենկոն նաև նշել է, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը Իրաքի տարածքից Իրանի դեմ պատերազմին պատրաստվելու բացահայտ նշան է: Իսկ ամերիկյան զորքերի դուրսբերման և Բաղդադից ԱՄՆ դրոշի իջեցման պաշտոնական արարողությունը կատարվեց այսօր՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետայի ներկայությամբ: Թեման՝ voanews.com, panorama.am, tert.am լրատվական կայքերում:
Իսկ Բինգյոլում թուրքական անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել է ՔԲԿ 8 գրոհային. նրանցից 5-ը կանայք են եղել: Թեման՝ tert.am, panarmenian.net, news.am լրատվական կայքերում:
Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը դեկտեմբերի 14-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի ռազմական կցորդ, գնդապետ Դովաս Խրիստոսին: Պաշտոնյաները քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Թեման՝ panorama.am, tert.am, news.am, panarmenian.net լրատվական կայքերում:
Վերջաբանի փոխարեն նշեմ, որ Վրաստանը Ռուսաստանի հետ ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել մտադրության մասին է հայտարարել: