Փետրվարի 25-ին Բաքվի վերաքննիչ դատարանը Ադրբեջանի ներկայումս գոյություն չունեցող Ազգային անվտանգության նախարարության նախկին պշատոնյա Զաքիր Իսմայիլովին «դավաճանության հոդվածով» դատապարտել է ցմահ ազատազրկման:
Զաքիր Իսմայիլովին մեղադրանք առաջադրելու մասին դեռ 2018 թվականի դեկտեմբերին հայտնել էր Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը:
Ըստ մեղադրանքի՝ 2015-ից, երբ կազմաքանդվեց Ազգային անվտանգության նախարարությունը, Զաքիր Իսմայիլովը, ով ծնախարարությունում զբաղեցրել էր բաժանմունքի պետի և այլ պաշտոններ, համագործակցել է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ, փոխանցել տեղեկություններ և իր վերլուծությունները: Այս գործով որպես մեղադրյալ ներգրավված էին նաև Իսմայիլովի կինը և մեկ այլ նախկին աշխատակից:
Պետանվտանգության ծառայության հայտարարությունում, ինչպես նաև դրան հաջորդած այլ հրապարակումներում չի նշվում, թե կոնկրետ որ երկրի հատուկ ծառայության հետ համագործակցության մեջ է մեղադրվում Իսմայիլովը, փոխարենը գործածվում է չեզոք «օտարերկրյա հատուկ ծառայություններ» ձևակերպումը:
Դատական գործընթացը սկսվել է 2019-ի սեպտեմբերից, իսկ 2020-ի փետրվարի 12-ին Բաքվի ռազմական դատարանը Իսմայիլովին դատապարտել է 19 տարվա, իսկ կնոջը՝ 10 տարվա ազատազրկման: Ռազմական դատարանի վճիռը Իսմայիլովը բողոքարկել է վերաքննիչ դատարան, նույն կերպ այդ վճիռը բողոքարկել է նաև Ադրբեջանի ռազմական դատախազությունը: Վերաքննիչ դատարանն արդեն փետրվարի 25-ին փոխել էր Բաքվի ռազմական դատարանի վճիռը և դատապարտել Իսմայիլովին ցմահ ազատազրկման:
Ներկայումս հայտնի չեն նույն գործով անցնող այլ մարդկանց վճիռները: