Զինյալները Թուրքիայի ԶՈւ-ի աջակցությամբ գրավել են Իդլիբի Նայրաբ բնակավայրը

Փետրվարի 24-ին «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի ԶՈւ աջակցությամբ գրավել է սիրիական Իդլիբ նահանգի Նայրաբ բնակավայրը, որը Սիրիայի կառավարական ուժերը հետ էին վերցրել փետրվարի սկզբին։

Այս մասին գրում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Թուրքական աղբյուրի համաձայն՝ գրավելով Նայրաբի շրջանը զինյալները ճանապարհ են բացել դեպի Սերաքիբ բնակավայր, որը տեղակայված է Մ4 և Մ5 մայրուղիների հատման կետում։

Սերաքիբ բնակավայրը Մ4 և Մ5 մայրուղիների հատման կետում
Սերաքիբ բնակավայրը Մ4 և Մ5 մայրուղիների հատման կետում

Նայրաբի գործողությանը Թուրքիայի ԶՈւ մասնակցությունը փաստում է նաև այսօր՝ փետրվարի 25-ին, հրապարակված մի տեսանյութ, որտեղ թուրքական ACV-15 ՀՄՄ-ն և Սիրիայի բանակի Տ-72 տանկը «մերձամարտի էին բռնվել»: Հրապարակված կադրերից մենք կարողացանք պարզել գործողության վայրը՝ Նայրաբ քաղաքի մերձակայքում՝ շուրջ 1,8 կմ դեպի հարավ-արևելք:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի զինված ուժերի հետ նոր ռազմագործողություն էին սկսել սիրիական Իդլիբի Նայրաբ բնակավայրում։ Նույն օրը Թուրքիայի զինված ուժերը, ամենայն հավանականությամբ, ռուսական ավիահարվածներից կորուստներ կրեցին։

Նշենք, որ առաջիկայում նախատեսվում է բազմակողմ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ, սակայն դեռևս անհայտ է, թե բացի այս երկուսից ինչ այլ երկրների ղեկավարներ են ներկա լինելու հանդիպմանը։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ քննարկվում է Թուրքիա֊Իրան֊ՌԴ հնարավոր հանդիպումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *