Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի 102–րդ ռազմաբազայի օդաչուները ՄիԳ–29 կործանիչներով, Մի–24Պ և Մի–8ՄՏՇ ուղղաթիռներով վարժանքներ են կատարել «Կամխուդ» զորավարժարանում։
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
Ըստ հայտարարության՝ օդաչուները տարբեր բարձրությունների վրա կատարել են տեխնիկայի կառավարման վարժություններ, ոչնչացրել են լեռնային պայմաններում քողարկված պայմանական հակառակորդի հրամանատարական կետերը։ Վարժանքներին մասնակցել է մոտ 300 զինծառայող, ներգրավվել է 50 միավոր տեխնիկա։
ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի 102–րդ ռազմաբազան Հայաստանում տեղակայված է 1995 թվականից և ռազմական հսկողություն է իրականացնում՝ ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի համաձայն։ Հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումները տեղակայված են Ռուսաստանի կովկասյան տարածքներում, Ղրիմում։ ՀՌՇ ենթակայության տակ են նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված 7–րդ և 4–րդ ռազմաբազաները։