Հնդկաստանը նավատորմին հատկացվող բյուջեի կրճատման հետևանքով 10 միավոր բազմանպատակային Կա–31 ուղղաթիռի փոխարեն կգնի 6-ը։ Այս մասին գրում է հնդկական “The Economic Times” պարբերականը։
Նախատեսված էր, որ 2020–ին նավատորմին հատկացվելու է 7.6 մլրդ դոլար, մինչդեռ հատկացվել է 5.8 մլրդ դոլար։
Դեռ անցած տարվա մայիսին հայտարարվել էր, որ Հնդկաստանը ցանկանում է Ռուսաստանից հավելյալ 10 միավոր Կա-31 գնել։ Հնարավոր գործարքը հաշվվում էր շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար։
Այս ուղղաթիռներից Հնդկաստանի ռազմածովային ուժերում առկա է 14 միավոր։ 9 միավորը 207 մլն դոլարով Հնդկաստանը պատվիրել է 1999-ին, մյուս 5-ը՝ 200 մլն դոլար արժողությամբ՝ 2009-ին։
Կա-31 ուղղաթիռը նախագծվել է 1980-ականներին, առաջին թռիչքը իրականացրել է 1987-ին։ Շահագործման հանձնվել է 1995 թվականին։ Նախատեսված է ռազմածովային ուժերի համար։