Թուրքիան պաշտոնական առաջարկություն է արել Մալազիային՝ մասնակցելու թուրքական արտադրության երկու կործանիչի՝ «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» (TAI) ընկերության արտադրանք TF-X-ի և Hürjet-ի մշակմանը և արտադրմանը։
Այս մասին հայտնում է բրիտանական “Jane’s” ռազմական հանդեսը՝ հղում անելով Մալազիայի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Հիշեցնենք, որ 2019թ. մարտի 27-ին Մալազիայում անցկացվող ռազմածովային ու ռազմաօդային տեխնիկայի ցուցահանդեսի ընթացքում թուրքական TAI ընկերության և Մալայզիայի ավիաշինական արդյուանբերության ասոցիացիայի միջև ավիացիայի ոլորտում համագործակության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր էր ստորագրվել։
Հավելենք նաև, որ TF-X 5-րդ սերնդի կործանիչի առաջին նախատիպը TAI ընկերությունը ցուցադրեց 2019թ․ հունիսին Ֆրանսիայում՝ «Paris Air show–2019» ավիաշոուի ընթացքում։
TF-X կործանիչի մարտավարատեխնիկական բնութագիրը, ըստ TAI ընկերության պաշտոնական կայքի՝
- Առավելագույն բարձրությունը՝ ~16,8 կմ
- Առավելագույն արագությունը՝ 2 մախ (~2470 կմ/ժ)
- Գործողության շառավիղը՝ ~1000 կմ
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ ~27200 կգ
- Երկարությունը՝ 19 մ
- Թևերի բացվածքը՝ 12 մ
Իսկ «Հյուրջեթը» (Hürjet), որը նույն ավիաշինական ընկերության արտադրանք «Հյուրքուշ» (Hürkuş) ուսումնամարտական ինքնաթիռի թեթև կործանիչ տարբերակն է, ցուցադրվեց 2018թ․ հուլիսի 17-ին, Մեծ Բրիտանիայում անցկացվող «Ֆարնբորո» միջազգային ավիացիոն ցուցահանդեսին։