Զինծառությունից խուսափածները գումարի դիմաց այլևս չեն ազատվի քրեական հետապնդումից. փոխնախարար

Հայաստանը լքելով պարտադիր զինծառայությունից խուսափած ՀՀ այն քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է մինչև 2019–ի մարտի 1–ը, վերջին հնարավորությունն ունեն գումար վճարել և ազատվել քրեական հետապնդումից։

Գումարը պետք է վճարվի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31–ը։ 2020 թվականից սկսած այլևս ոչ ոք չի կարողանալու օգտվել այս հնարավորությունից։

*Օրենքը գործում էր 2003թ. դեկտեմբերի 17-ից։ Այս պահի դրությամբ մեկ խուսափած զորակոչի դիմաց քաղաքացին պետք է վճարի 200 հազար դրամ։

Նշենք, որ օրենքը չերկարաձգելու քաղաքականությունը որդեգրել էր դեռ նախորդ կառավարությունը, 2017-ին պաշտպանության նախարարությունը առաջարկել էր օրենքում ամրագրել հոդված, որով օրենքի ժամկետը այլևս հնարավոր չի լինի փոփոխել–երկարաձգել: Առաջարկը չէր ընդունվել, որովհետև այն սահմանափակում էր պատգամավորների ու կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու սահմանադրական իրավունքը:

Օրենքը վերջին անգամ երկարաձգվեց այս գարնանը։ Այսօր՝ դեկտեմբերի 6–ին՝ ասուլիսի ժամանակ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտարարեց, որ ԱԺ ԼՀԿ խմբակցությունը առաջարկել է երկարաձգել օրենքի ժամկետը, սակայն կառավարությունը վերջնական քաղաքականություն է որդեգրել՝ չերկարացնել օրենքի ժամկետը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *