Ռուսաստանում ահաբեկչական խմբավորման անդամներ են ձերբակալվել

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) Մոսկվայում և Չելյաբինսկում դեկտեմբերի 3–ին «Հիզբ–ութ Թահրիր ալ–Իսլամի» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու կասկածանքով ձերբակալել են 9 քաղաքացու։

Այս մասին, ԱԴԾ–ին հղում անելով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Համաձայն հայտարարության՝ ձերբակալվածները Ռուսաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ են, որոնցից 2–ը ահաբեկչական խմբավորման առաջնորդներ են։

Նշենք, որ նոյեմբերի 25–ին, կրկին Մոսկվայում և Չելյաբինսկում, ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու համար ձերբակալվել էին 4 քաղաքացիներ։ Նաև հավելենք, որ 2016 թվականին Ղրիմում նույն ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար ձերբակալված 6 քաղաքացիները դատարանի որոշմամբ նոյեմբերի 12–ին դատապարտվեցին 7-19 տարվա ազատազրկման։

«Հիզբ–ութ Թահրիր ալ–Իսլամի»–ն մահմեդական քաղաքական խմբավորում է, ստեղծվել է 1953 թվականին Պաղեստինում։ Խմբավորումը ակտիվ է Արևելյան Եվրոպայում, Սիրիայում, Եգիպտոսում, Թունիսում, Պաղեստինում, Հորդանանում, Քուվեյթում և Թուրքիայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *