Սիրիայի վերաբերյալ Աստանայի ձևաչափով մյուս հանդիպումը կլինի նոյեմբերին

Սիրիայի հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում, խոսելով Սիրիայի կոնֆլիկտի մասին, հայտնել է, որ Աստանայի ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է նոյեմբերի կեսերին։ Այն հետաձգվել էր, քանի որ սեպտեմբերի 16-ին կայացել էր Պուտին, Էրդողան և Ռոհանի եռակողմ գագաթնաժողովը։

Լավրենտևը նշել է, որ որոշումը կայացրել է Սիրիայի հարցով ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Գեյր Պեդերսոնը․

« ․․․ Հենց դրանից հետո էլ որոշեցինք [գագաթնաժողովն — Ռազմինֆո խմբ․] անցկացնել մի փոքր ուշ, տեսնել, թե ինչպես կզարգանա իրավիճակը, ու արդեն կարգավորել ․․․ »,– ասել է Լավրենտևը։

Ըստ Լավրենտևի՝ Ռուսաստանը հույս ունի՝ Թուրքիայի ռազմագործողությունը Սիրիայի հյուսիսում բացասաբար չի ազդի ոչ Սիրիայի իշխանության ու ընդդիմության, ոչ էլ Գեյր Պեդերսոնի հոկտեմբերի 30–ին Ժնևում Սիրիայի հարցով սահմանադրական կոմիտեի շրջանակներում հանդիպելու որոշման վրա։

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածություն կա Սիրիայի հյուսիսում գործողության շուրջ, Լավրենտևը բացասական պատասխան է տվել։

Հիշեցնենք, որ Աստանայի ձևաչափով Սիրիայում իրավիճակի կարգավորման երաշխավոր երկրներ են համարվում Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը։ Այս երկրների ղեկավարների վերջին հանդիպմանը՝ սեպտեմբերի 16-ին, ՌԴ նախագահ Պուտինը հայտնեց, որ Սիրիայի հարցով սահմանադրական կոմիտեի կազմն արդեն ընտրված է։

Սեպտեմբերի 23-ին էլ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտնեց, որ Սահմանադրական կոմիտեն արդեն կազմված է։ Կոմիտեի առաջին հանդիպումը նախատեսվում է հոկտեմբերի 29-30-ին՝ Ժնևում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *