Սիրիական բանակն ու ռուսական ուժերը Մանբիջում են

Հոկտեմբերի 15-ին, Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է վերահսկողություն սահմանել սիրիական Մանբիջ շրջանում, իսկ ամերիկյան զորքերը դուրս են եկել այդ տարածքում իրենց ռազմաբազաներից։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է պետական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։ Տեղի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ հատվածում այժմ թռիչքներ են իրականացնում ռուսական ռազմական ինքնաթիռները, հրապարակվել է նաև տեսանյութ, չնայած՝ ինքնաթիռների պատկանելիությունը հաստատող տվյալներ դեռևս չկան։

Տեղեկություններ կան, որ Մանբիջի ամերիկյան ռազմաբազաներում այժմ տեղակայվելու են ռուսական ուժերը։ Օրինակ՝ ամերիկյան Newsweek ամսագիրը, հղում անելով Պենտագոնում իր անանուն աղբյուրին, գրել է, թե ԱՄՆ–ն ու Ռուսաստանը համաձայնության են եկել ռազմաբազաների փոխանցման հարցում։ Ամերիկյան զորքերը պետք է 24 ժամում դուրս գային Մանբիջից։

Բացի այդ՝ ռուս բլոգգեր Օլեգ Բլոխինն այսօր տեսանյութ է հրապարակել Մանբիջի ամերիկյան ռազմաբազաներից մեկից և նշել, որ այս պահին այնտեղ ռուսական ուժերն են․

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ քրդական ուժերի հետ համաձայնության շրջանակներում Սիրիայի կառավարական բանակը պետք է մտներ Մանբիջ քաղաք՝ իրենց հետ բերելով նաև զրահատեխնիկա:

Մանբիջի հատվածում ռազմական գործողությունները շարունակվում են։ Թուրքիայի հովանավորությամբ գործող զինված խմբավորումը հայտարարել է մեկ գյուղ գրավելու մասին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ իր զորքերը դուրս է բերում Սիրիայի հյուսիսից և չի միջամտելու Թուրքիայի ռազմական գործողությանը։ Երեք օր անց՝ հոկտեմբերի 9-ին, թուրքական կողմը քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» SDF–ի դեմ պաշտոնապես սկսեց «Խաղաղության ակունք» (Barış pınarı) կոչվող ռազմական գործողությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *