Թուրքիան հետաքրքրվում է չինական ՀՕՊ համակարգերով

Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը լրջորեն հետաքրքրվում է չինական զենիթահրթիռային համակարգերով։ Այս մասին հաղորդում է Defense News-ը՝ հղում կատարելով թուրքական ռազմական գնումների գործակալության աղբյուրներին։

Թուրք զինվորականանների գնահատմամբ չինական արտադրության զենիթային համակարգերը ամբողջությամբ համապատասխանում են Թուրքիայի պահանջներին, իսկ նրանց արժեքը համեմատաբար ցածր է մյուս հնարավոր տարբերակներից։

HQ-9

HQ-9

Բացի այդ, համակարգի գնման դեպքում Չինաստանը պատրաստ է գնող կողմին փոխանցել արտադրության տեխնոլոգիան։

Համակարգի գնման վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը և երկրի վարչապետ Թայիփ Էրդողանը։Այս կամ այն զենիթահրթիռային համակարգի ընտրության մասին կհրապարակվի Թուրքիայի ռազմական արդյունաբերական խորհրդի նիստի ժամանակ, որի անցկացման ամսաթիվը դեռ չի նշանակվել։

Նշենք, որ 2013 թվականի հունվարին Թուրքիայի ՊՆ-ն դադարեցրեց թվով 12 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման 4 միլիարդ դոլար արժողությամբ մրցույթը։ Երկրի ղեկավարությունը որոշել էր համալրել սեփական ՀՕՊ համակարգը օտարերկրյա համակարգերի միջոցով։

Մրցույթին մասնակցում էին ամերիկյան Raytheon/Lockhee Martin-ը, «Ռոսօբորոնէքսպորտը», չինական China Precision Machinery Export-Import Corporation-ը և եվրոպական EuroSam կոնսորցիումը։

Նրանք թուրք զինվորականներին առաջարկում էին «Փեթրիոթ», Ս-300, HQ-9 (Ս-300-ի փոփոխված պատճենը) և Aster 30 SAMP/T համակարգեր։

Defense News-ի տվյալներով մրցույթը չի դադարեցվել, այլ միայն պայմաններն են փոխվել։ Փաստացի խոսքը գնում է առաջարկված համակարգերի՝ Թուրքիայի ռազմական պահանջներին հարմարեցման մասին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրք զինվորականները կարող են նախընտրություն տալ ռուսական համակարգերին, սակայն ՆԱՏՕ-ն խորհուրդ է տվել չգնել դրանք։

Հարկ է նշել, որ ներկայիս Թուրքիայի ՀՕՊ համակարգը ՆԱՏՕ-ի մաս է կազմում և համապատասխանում է Հյուսիսատլանտյան դաշինքի ստանդարտներին։ Դա նշանակում է, որ եթե չինական HQ-9-ի գնման և հարմարեցման որոշումը կայացվի, Թուրքիան չի կարողանա ինտեգրել դրանք ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգին։

Առաջին հերթին դա կապված է նրա հետ, որ ՆԱՏՕ անդամ երկրները չեն համաձայնվի HQ-9 համակարգի միացման համար անհրաժեշտ տեխնիկական ինֆորմացիա փոխանցել չինական կողմին։

Չինական համակարգերը ընդունակ են վերահսկել օդային տարածքը սեփական ռադիոտեղորոշիչ կայաններով, սակայն առանց մեկ ընդհանուր ՀՕՊ համակարգում  ինտեգրվելու, նրանց օգտակարությունը բարձր չի լինի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *