Մեկ հանդիսատեսի զորահանդեսը

Երեկ Բաքվում կայացած զորահանդեսին ադրբեջանական համացանցային հարթակների արձագանքը բավականին տարօրինակ էր։ Հաշվի առնելով Ռուսաստանից Ադրբեջանի վերջին գնումները` թվում էր, թե զորահանդեսը պիտի մեծ ոգևորություն առաջացրած լիներ, բայց…

Արդեն զորահանդեսին նախորդող օրերին պարզվեց, որ ադրբեջանական համացանցում հիասթափություն է տիրում, իսկ բուն զորահանդեսի մասին, կարելի է ասել, որ քար լռություն է։ Այսպես օրինակ` ադրբեջանական ամենաակտիվ ռազմական ֆորումներից մեկում զորահանդեսին նվիրված թեման պարունակում է ընդամենը երեք մեկնաբանություն։ Հպանցիկ մեկնաբանություններ կան կից թեմաներում, բայց որևէ առանձնահատուկ ոգևորություն չի նկատվում։ Ու դա այն դեպքում, երբ զորահանդեսների քննարկումները սովորաբար մի քանի ժամում հարյուրավոր մեկնաբանություններ են հավաքում։

Լռություն է տիրում նաև ռազմական թեմայով միջազգային այն հարթակներում, որտեղ ադրբեջանցիները սովորաբար աշխույժ են։ Մենք, իհարկե, չենք կարող վստահ լինել, թե որքանով է համացանցում դիտվող պատկերն արտացոլում ադրբեջանական ամբողջ հասարակությունում տիրող իրավիճակը, բայց ամեն դեպքում այս ֆենոմենը բավականին հետաքրքիր է։

Մեր կարծիքով այսպիսի պասիվ արձագանքի երկու հիմնական պատճառ կա, որոնցից առաջինը զորահանդեսի բովանդակությունն էր։ Նախորդի նման այս մեկը ևս անցավ «փակ դիտման» ռեժիմում։ Բաքվի «Ազադլիք» հրապարակում զորահանդեսին հետևելու հնարավորություն ուներ միայն Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավը, իսկ հասարակ քաղաքացիները ստիպված էին սպասել հեռուստատեսային տեսագրությանը։

Բնականաբար, դիտելով Բաքվի զորահանդեսը, ակամայից զուգահեռներ ես անցկացնում Երևանի և Ստեփանակերտի զորահանդեսների հետ, ինչից դրանց բովանդակային տարբերությունները միանգամայն ակնհայտ են դառնում։ Հայկական զորահանդեսներում բանակը ներկայանում էր իր ժողովրդին։ Դա հատկապես լավ զգացվում էր Ստեփանակերտում, որտեղ հանդիսատեսը ոչ միայն եկել էր գեղեցիկ շոու դիտելու և ռազմական տեխնիկա տեսնելու համար, այլև իր հորը, եղբորը, քեռուն, հորեղբորը կամ ամուսնուն ողջունելու։

Իլհամ Ալիևը 2013թ. հունիսի 26-ին Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ։ Լուսանկարը՝ president.az

Իլհամ Ալիևը 2013թ. հունիսի 26-ին Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ։ Լուսանկարը՝ president.az

Լրիվ այլ էր ադրբեջանական զորահանդեսը, որտեղ բանակը ներկայանում էր ոչ թե ժողովրդին, այլ` մեկ մարդու։ Ներկայացման այդպիսի փակ՝ «մեկ հանդիսատեսի» ձևաչափը բնորոշ է ոչ թե սեփական երկիրը պաշտպանող, այլ օկուպացիոն բանակներին։ Եւ այդ օտարվածությունն ադրբեջանցիները չէին կարող չզգալ։

Զորահանդեսից հիասթափության երկրորդ պատճառը մեր կարծիքով տարիներ շարունակ Ադրբեջանի առաջ քաշած գերժամանակակից զենքով զինվելու մասին քարոզչական թեզն է։ Հատկապես շեշտվում են իսրայելական արտադրության սպառազինության գնումները, քանի որ իսրայելական զենքի որակի մասին գոնե հետխորհդային տարածքում գոյություն ունեն հաստատուն կարծրատիպեր։ Այդ թեզն առաջ տանելու նպատակով ադրբեջանցիները պարբերաբար տեղեկացվում են, որ իրենց երկիրը մտադիր է ձեռք բերել իսրայելական, թուրքական, պակիստանյան, ռուսական կամ ուկրաինական արտադրության այս կամ այն զինատեսակը, ինչի արդյունքում ձևավորվում է ակնկալիքների մի երկար ցուցակ, որոնց փաստացի չիրականանալը հանգեցնում է հիասթափության։

Այսպես օրինակ, վերջին տարիներին ադրբեջանցիներին խոստացվել էին.

  1. թուրքական «T-300 Kasirga» հրթիռային համակարգեր,
  2. թուրքական «Т-155 Firtina» ինքնագնաց հրետանային համակարգեր,
  3. իսրայելական «Atmos-2000» ինքնագնաց հրետանային համակարգեր,
  4. իսրայելական «Barak-8» զենիթա-հրթիռային համակարգեր,
  5. իսրայելական «Hermes-450» անօդաչու թռչող սարքեր,
  6. իսրայելական «Hermes-900» անօդաչու թռչող սարքեր,
  7. իսրայելական «Heron» անօդաչու թռչող սարքեր,
  8. իսրայելական «Iron Dome» զենիթահրթիռային համակարգեր,
  9. ռուսական «Կա-52» հարվածային ուղղաթիռներ,
  10. ռուսական «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային համակարգեր։

Եւ սա միայն մասնակի ցուցակն է այն ամենի, ինչ ադրբեջանցիներին պետական քարոզչամեքենան խոստացել էր վերջին տարիներին։ Կարելի է նաև նշել ուկրաինական «Օպլոտ» տանկերը, չինա-պակիստանական «JF-17» կործանիչները և նույնիսկ թուրքական «Ալթայ» տանկերը, որոնք դեռ նույնիսկ սերիական արտադրության չեն դրվել։

Ավելին, անմիջապես զորահանդեսի նախօրեին ադրբեջանցիներին խոստացան նաև համազարկային կրակի «Ուռագան» ռեակտիվ կայաններ և «Տոռ» զենիթահրթիռային համակարգեր։

Այս չափազանցացված սպասումների ֆոնին նույնիսկ Ռուսաստանից վերջին լուրջ ձեռքբերումները չկարողացան փրկել հիասթափությունից։

Հարկ է նշել ևս մեկ նրբություն, որը, հավանաբար, նույնպես իր ազդեցությունն է ունեցել. ադրբեջանական հասարակական ընկալումներում ռուսական զենքն իր պրեստիժայնությամբ զիջում է իսրայելական, իսկ հաճախ՝ նույնիսկ թուրքական զենքին։ Պատճառը, ինչպես վերևում նշեցինք, իսրայելական զենքի որակի մասին տարածված կարծրատիպերն են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *