Դիրքում զինամթերքի քանակը ավելի քան բավարար է․ ՊԲ դիրքի ավագ

«3–4 օր առաջ» Արցախի Պաշտպանության բանակի հարավային դիրքերի վրա հակառակորդը կրակել է «Իստիգլալ» խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանով։ Այնուամենայնիվ, հիմա սահմանի այս հատվածում իրավիճակը հանգիստ է։ Մարտական դիրքերից մեկում այդ մասին Ռազմինֆոյին պատմեց զորամասի հրամանատարի տեղակալը․

«Անպայման անմիջապես պատասխան հարված ենք տալիս։ Թե՛ խոշոր տրամաչափ, թե՛ փոքր տրամաչափի զենքից կրակոցներն առաջինը իրենց կողմից է»։

Փոխգնդապետը պատմում է, որ 2016 թվականի ապրիլին դիրքը գրավելու փորձ չի եղել, բայց հրետակոծվել է և գնդակոծվել։ Դիրքի անձնակազմը համարժեք պատասխան է տվել։ Որոշ ժամանակ անց ժամկետային զինծառայողներին միացել են աշխարհազորայինները։

— Զինամթերքի քանակը բավարարու՞մ է։
— Բա՞ ինչ է անում, — ասում է փոխգնդապետը։
— Բոլո՞ր զինատեսակների համար։
— Բա՛ իհարկե։

«Կորդ» գնդացիրը դիրքում
Խոշոր տրամաչափի «Կորդ» գնդացիրը դիրքում: Համալրել է ՊԲ դիրքերը համեմատաբար վերջերս։

Նրա խոսքով՝ թեև 2016-ի ապրիլից առաջ էլ դիրքում եղած զինամթերքը բավարարում էր մարտ վարելուն այնքան, մինչև, ինչպես սահմանված է, կհասցնեն մատակարարել նոր խմբաքանակ, այնուամենայնիվ, ապրիլյան պատերազմից հետո զինամթերքի քանակն ավելացվել է։

Նույն հարցը տալիս եմ դիրքի ավագ, սերժանտ Հարությունյանին․

— Իհարկե հերիքում է, ոնց կարող է չհերիքել, [ծիծաղում է ու ավելացնում] ավել էլ է։ Լրիվ նորմալ է էստեղ, էդպես մի մտածեք, թե վա՜յ։ Զինամթերքը թե քիչ լինի, հրամանատարական անձնակազմը հաստատ մեզ թույլ չի տա էստեղ գտնվենք։ Իրենք մեր մասին մեզանից շատ են մտածում։

Դիրքի տեսադիտարկման սարքերը լիցքավորվում են արևային էներգիայով, որն ապահովում է նաև լույսը բլինդաժում։

Արևային վահանակներ
Արևային վահանակներ

Դիրքն ունի նաև հրետանային կրակից պաշտպանվելու համար ապաստարան։ Հրամանատարն ասում է․ ապրիլյան պատերազմից հետո ավելի են ամրացրել այն, բայց դրանից հետո մարտական պայմաններում օգտագործելու առիթ չի եղել։

դիրքապահը

Դիրքում կա մշտական հոսող ջուր, կառուցվել է բաղնիք, որը փոխարինել է դաշտային շարժական բաղնիքին։ Շարունակվում են ինժեներաամրաշինական աշխատանքները։

մշտական հոսող ջուրը
դիրքում մարտական հերթափոխի ցուցադրություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *