Հունիսի 20-ին Ադրբեջանի նախագահի հրամանով պաշտոնից ազատվել է Ադրբեջանի պետանվտանգության ծառայության պետ Մադաթ Ղուլիևը, ով նույն օրը նշանակվել է ռազմարդյունաբերության նախարարի պաշտոնում: Աշխատանքից ազատվել և Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել ՆԳՆ նախարար Ռամիլ Ուսուբովը:
Մադաթ Ղուլիևի փոխարեն պետանվտանգության ծառայության պետ է նշանակվել Ալի Նաղիևը, ով մինչ այս զբաղեցնում էր Ադրբեջանի դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը, եղել է նաև Ադրբեջանի նախկին Ազգային անվտանգության նախարարի տեղակալ (այս կառույցը 2015-ից վերակազմավորվել է որպես պետանվտանգության ծառայություն):
Հատկանշական է, որ Ալի Նաղիևը լինելով հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի առաջին տեղակալ հայտնվել է նաև կոռոպցիոն պատմություններում 2012-2013թթ ընթացքում, որի մասին գրել է OCCRP-ն:
Մադաթ Ղուլիևը պետանվտանգության ծառայությունը ղեկավարել է 2015-ի հոկտեմբերից, մինչ այդ եղել է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ: Այս նշանակումով Ղուլիևը դառնում է 2005թ-ից գործող նախարարության երկրորդ ղեկավարը: Նախորդ նախարարը՝ Յավեր Ջամալովը մահացել էր 2018-ի ամռանը, ինչից հետո նոր նախարար չէր նշանակվել:
Հատկանշական է, որ այս տարվա հունվարին Իլհամ Ալիևը ստորագրել էր
ռազմարդյունաբերության նախարարության հիմքի վրա «Ազերսիլահ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին հրաման, ինչը, սակայն, այսօր չեղարկվել է:
Ներքին գործերի նախարարի պաշտոնում էլ Ռամիլ Ուսուբովին փոխարինել է Վիլայեթ Էյվազովը, ով մինչ այս զբաղեցրել է ՆԳՆ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: