Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություն. «Ռազմինֆոյի» դիտարկումները

Հունիսի 7-11-ը Նախիջևանում անցկացվեց «Անդրդվելի եղբայրություն–2019» անունը կրող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը: «Ռազմինֆոն» հետևել է այդ զորավարժության ընթացքին. կփորձենք ամփոփ ներկայացնել մեր դիտարկումները:

Ի՞նչ սցենարներ էին խաղարկվում

Ըստ մեր դիտարկումների և վերլուծության՝ այս զորավարժությունn ընթանում էր պաշտպանական, հակահարձակողական սցենարով, որտեղ հայկական ուժերը ճեղքել էին Նախիջևանի հյուսիս և հյուսիսարևելյան հատվածի առաջնագիծը ու բնագծերը և խորացել մոտ 10-15 կմ:

Այդ հատվածում տեղակայված Նախիջևանի առանձին համազորային բանակի մոտոհրաձգային բրիգադն էլ կենտրոնական ենթակայության այլ զորամասերի (հրթիռահրետանային, ավիացիոն, ինժիներասակրավորային, հատուկջոկատային) և Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանման աջակցությամբ պետք է հակագրոհով դուրս մղեր, որոշ տեղերում էլ շրջապատեր հայկական ուժերը և կազմակերպեր լեռնանցքների պաշտպանությունը:

Ինչ վերաբերում է պաշտպանողական և հակահարձակողական սցենարին, ապա մեր դիտարկմամբ Նախիջևանում անցկացված նախորդ զորավարժությունները նույնպես այս մարտավարությամբ էին:

Ադրբեջանում, օգտագործելով Նախիջևանի դիրքը՝ հիմնականում դժվարանցանելի լեռնային պայմանները, շարժվում են Նախիջևանում ամրանալու, պաշտպանվելու, իսկ Արցախի հատվածում գրոհելու տրամաբանությամբ, թերևս հենց այս հանգամանքով էլ բացատրվում է Արցախի հատվածում հարձակողական, իսկ Նախիջևանի հատվածում հակահաձակողական սցենարներով զորավարժությունների կազմակերպումը: Սա, իհարկե, չի նշանակում, որ անհրաժեշտության դեպքում Նախիջևանից ՀՀ ԶՈւ ենթակառուցվածքներին և կոմունիկացիաներին հարվածելու ծրագրեր չկան, կամ ադրբեջանական կողմը կետային սադրանքների չի դիմի:

Ո՞վքեր և ի՞նչ միջոցներ էին ներգրավված

Տեխնիկայի քանակի առումով, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության, վարժանքներին ներգրավվել էր ընդհանուր 5000-ի չափ անձնակազմ, շուրջ 200 միավոր տանկ և զրահատեխնիկա, 180 հրթիռահրետանային միջոց, 21 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ: Բացի այս, թուրքական կողմը իր հետ Նախիջևան էր բերել առնվազն 6 միավոր ACV-15 ՀՄՄ:

Թուրքական ACV-15-երի շարասյունը Նախիջևան գալիս
Թուրքական ACV-15-երի շարասյունը Նախիջևան գալիս

Հրթիռահրետանային միջոցներից մշտական տեղակայման վայրերից դուրս բերվել և օպերատիվ շրջաններ էին տարվել նաև «Սմերչ» և T-300 «Քասրղա» ՀԿՌՀ-ները: Ի թիվս այլ միջոցների՝ զորավարժությունից առաջ սրանք ևս ցուցադրվել են հետևելու համար Նախիջևան եկած Թուրքիայի պաշտպանության նախարարին:

Ավիացիոն միջոցներից, ի թիվս Մի-35 և Մի–17 ուղղաթիռների, ցամաքում զորքերին աջակցում էին Սու-25 գրոհիչները, որոնք Նախիջևանում մշտական տեղակայման էին բերվել 2017-ի օգոստոսին, իսկ մինչ այդ մարտական ինքնաթիռների թռիչքներ Նախիջևանում չեն արձանագրվել:

Ինչ վերաբերում է ներգրավված ստորաբաժանումներին, ապա, մեր կարծիքով, ներգրավվել էր Նախիջևանի Քիվրագ քաղաքում տեղակայված մոտոհրաձգային բրիգադը, որի, այսպես ասած, պահպանության/պաշտպանության տիրույթում էլ անցումն էր վարժանքների կրակային փուլը:

Հենց Քիվրագի բրիգադին է վերապահված Նախիջևանի հյուսիսային և հյուսիարևելյան սահմանների պաշտպանությունը: Այս բրիգադին աջակցում էին կենտրոնական ենթակայության թիկունքային ստորաբաժանումներ՝ ի դեմս հատուկջոկատայինների, ինժիներասակրավորային, հրթիռահրետանային, զրահատանկային, ՀՕՊ և ավիացիոն ստորաբաժանումների:

Ենթադրում ենք, որ թուրքական կողմից, ամենայն հավանականությամբ, ներգրավվել էր Նախիջևանին մոտ տեղակայված Թուրքիայի ԶՈւ 1-ին մեխանիզացված բրիգադի ստորաբաժանումներից մեկը: Այս բրիգադի մասին գրել էինք «Նախիջևանին մոտ թուրքական զորամասերը և հնարավոր ռիսկերը» հոդվածում:

Հարկ է նշել, որ Նախիջևանի առանձին համազորային բանակից բացի, այս վարժանքներին ներգրգրավվել էին նաև Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության, Ներքին զորքերի և ԱԻՆ ստորաբաժանումներ, որոնք պատերազմի ժամանակ ունեն իրենց հատուկ խնդիրները: Օրինակ՝ նախորդ տարի անցկացված զորավարժությանը Ներքին զորքերի հատուկջոկատայինները պետք է դեսանտից պաշտպանեին սեփական ՀՕՊ միջոցները:

Արդյո՞ք սա «մարտավարական զորավարժություն» էր – կարծում ենք՝ ոչ:

Ադրբեջանի ՊՆ-ն զորավարժության մասին հայտարարության տեքստում նշել էր, որ այն մարտավարական է: Սակայն, օգտագործված եզրը և հայտարարված թվերը իրար հակասում են, քանի որ մարտավարականը ենթադրում է շատ ավելի քիչ ուժերի ներգրավվածություն և ավելի փոքր խնդիրների կատարում:

Ենթադրենք՝ ադրբեջանական կողմը հայտարարված թվերը ուռճացրել է, և իրականում հայտարարվածից ավելի քիչ թվով անձնակազմ է ներգրավվել, ինչը, ի դեպ, համարում ենք իրատեսական, ավելին՝ Ադրբեջանում այդ պրակտիկան կա: Այնուամենայնիվ, նույնիսկ այս պարագայում դա ևս մարտավարական չէր լինի, քանի որ խաղարկվում էր Նախիջևանի հյուսիս և հյուսիսարևելյան հատվածից հակառակորդի դուրսմղման գործողություններ, ինչը Նախիջևանի պարագայում ռազմավարական նշանակության խնդիր է, իսկ ամբողջ Ադրբեջանի ծավալներով՝ օպերատիվ մակարդակի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *