Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության (ԴԱԾ, ռուս․՝ ФСБ) ենթակայության սահմանապահ զորքերը այս տարի պլանավորում են անցկացնել ծովային զորավարժություն 8 երկրների՝ այդ թվում Ադրբեջանի հետ։
Այս մասին «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցին հայտնել է ԴԱԾ սահմանապահ ծառայության առափնյա պահպանության դեպարտամենտի պետ ծովակալ Գենադիյ Մեդվեդևը։
8 երկրների թվում են Նորվեգիան, Ֆինլանդիան, Էստոնիան, Ադրբեջանը, Շվեդիան, Ղազախստանը, Թուրքիան և Հարավային Կորեան։ Զորավարժության ժամանակացույցի և այլ մանրամասների մասին, սակայն, ծովակալը չի հայտնել։
Մեդվեդևը հավելել է, որ 2018 թվականին Ռուսաստանը անցկացրել է 9 համատեղ նմանատիպ զորավարժություն, որոնք ուղեկցվել են միմյանց նավահանգիստներ այցելությամբ։ Ռուսաստանը 2018 թվականին անցկացրած զորավարժության շրջանակներում այցելել է նաև ադրբեջանական նավահանգիստ։