Զորքերում փորձարկվում է 2 նոր տեսակի ճտքակոշիկ․ մանրամասներ

Այս պահին զորքերում փորձարկվում է երկու նոր տեսակի ճտքակոշիկ, որոնցից մեկի տակացուն ամրացված է բարձր ճնշման սոսնձման, մյուսի տակացուն՝ ձուլման մեթոդով։ Այս պահին զորքերում օգտագործվող հիմնական ճտքակոշիկների տակացուն ամրացված է լատոնե մեխերով։

Ճտքակոշիկները այսօր լրագրողներին ներկայացրեց ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Վահան Պապյանը։

Ամեն տեսակից 4000 զույգը փորձարկվում է տարբեր բնակակլիմայական պայմաններում։ Փորձարկումների ընթացքում ի հայտ եկած թերությունները ներկայացվելու են արտադրող կազմակերպություններին։

Փորձարկումը պետք է տևի առնվազն վեց ամիս։ Բարձր ճնշման սոսնձման եղանակով ճտքակոշիկը փորձարկվում է արդեն մի ամիս, իսկ ձուլման մեթոդովը՝ մոտ երեք ամիս։ Երկուսն էլ բնական կաշվից են, կարվում են Հայաստանում։

ՀՀ ԶՈւ թիկունքային ապահովման պետ, գնդապետ Ռոմիկ Մարգարյանի խոսքով՝ ՊՆ ղեկավարը հանձնարարական է տվել գործարաններին, որ ներկայացնեն նաև առանձին տարբերակներ՝ ձմեռային և ամառային։ Այս պահին նույն ճտքակոշիկը տրվում է բոլոր սեզոնների համար, փորձ է արվում սեզոնային կոշիկներ արտադրել։

Ի դեպ, փոխվել է նաև կոշիկի քսուկների տրամադրման կարգը։ Նախկինում
քսուկը ձեռք էր բերվում մեծ տուփերով, հիմա արդեն՝ անհատական տուփերով, յուրաքանչյուրը՝ 210 գրամ։ Մեկ զինծառայողի ամսական նորմատիվը սահմանված է 70 գրամ, այսինքն այն նախատեսված է 3-ամսյա օգտագործման համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *