Դիրքերում ծառայողները համազգեստ ստանում են 6 ամիսը մեկ․ գնդապետ

Մարտական հերթապահության ներգրավված անձնակազմին համազգեստը և ճտքակոշիկը տրվում է 6 ամիսը մեկ, իսկ մյուս զորամասերի անձնակազմին՝ 8 ամիսը մեկ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԶՈւ իրային ծառայության պետ, գնդապետ Վահան Պապյանը։

Համազգեստի կտորը ներկվում է ռեակտիվ, այսինքն՝ լազերային մեթոդով, ինչը նպաստում է ավելի ուշ գունաթափվելուն։ Համազգեստի գործվածքը ներկրվում է արտերկրից, կարվում է ՀՀ-ում։

Եթե զինծառայողի համազգեստը պատռվում է վեց ամսից շուտ, զորամասերում գործում է փոխարինման ֆոնդ․ զեկուցագիր է գրվում տվյալ զորամասի հրամանատարին, և փոխարինման ֆոնդից հատկացվում է ոչ նոր, բայց լավ պահպանված և լվացած համազգեստ։ Աշխատանքներ են տարվում, որ համազգեստի վաճառքի թույլտվություն ունենա միայն նախարարությունը։

Թարմացվել են նաև շապիկները։ Այսուհետ մարտական հենակետերում զինծառայողները կարող են ոչ թե համազգեստի բաճկոնի, այլ միանգամից շապիկի վրայից կրել զրահաբաճկոնը կամ մարտաբաճկոնը։

Նշենք, որ 2018-ի ձմեռային զորակոչից զորքերում ներդրվել են ավելի նոր և ավելի որակյալ կտորից կարվող համազգեստ, որի ամրության և դիմացկունության պարամետրերը բարելավված են։ Հայտարարվում է, որ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *