Մայիսի 6-23-ը Թուրքիայի Կայսերի քաղաքում Ադրբեջանի, Վրաստանի, Իտալիայի, ԱՄՆ–ի, Ռումինիայի, Պակիստանի և Կատարի զինված ուժերի մասնակցությամբ անցկացվել է «Էրջիյես-2019» միջազգային զորավարժությունը։
Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։ Նշվում է, որ թուրքական կողմից զորավարժությանը մասնակցել է ցամաքային ուժերի հրամանատարության առաջին բրիգադը։ Իրականացվել են օդից անձնակազմի վայրէջքի վարժանքներ։
Նշվում է նաև, որ զորավարժության ընթացքում զորքերը գրավել են պայմանական հակառակորդի («ահաբեկիչների») վերահսկողության տակ գտնվող տարածքը, որից հետո ժամանել են Արտակարգ իրավիճակների նախագահության և Կարմիր խաչի հումանիտար օգնության ուժերը։
Հիշեցնենք, որ մայիսի 13-23-ն էլ Թուրքիայի Քոնյա քաղաքում Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի մասնակցությամբ անցկացվեց նաև “Anatolian Phoenix-2019” զորավարժությունը։ Ադրբեջանից զորավարժությանը մասնակցել էին երկուական միավոր Մի-35 և Մի-17 ուղղաթիռ և 60 զինծառայող։ Ադրբեջանական կողմը զորավարժությունից կադրեր էր հրապարակել, ինչից դատելով՝ ենթադրել էինք, որ վարժանքներին մասնակցել էր նաև Ադրբեջանի ԶՈւ հատուկջոկատային ստորաբաժանում։