Բելառուսում ընթացող MILEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ պատվիրակությանը ցուցադրել են «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ի ավելի հզոր հրթիռ։
Այս մասին հայտնում է ադրբեջանական մասնագիտացված Azeridefence լրատվակայքը։ Նյութին կից հրապարակվել է նաև լուսանկար, որում երևում է չինական M20 բալիստիկ հրթիռը, իսկ կողքը կանգնած է Ադրբեջանի ԶՈւ հրթիռահրետանային զորքերի պետ, գեներալ-մայոր Զահիդ Հուսեյնովը։
Բելառուսական համակարգերը զինված են 130կգ մարտագլխիկով չինական A200 հրթիռներով. յուրաքանչյուր արձակման կայանի վրա կա այդպիսի 8 հրթիռ։ Մեզ հայտնի է, որ հենց այս հրթիռներով տարբերակն էլ մատակարարվել է Ադրբեջանին։
A200-ներից բացի՝ «Պոլոնեզ»–ների համար Բելառուսը նախատեսել է նաև չինական նույն ընկերության արտադրության M20 հրթիռները, որոնց դեպքում «Պոլոնեզը» ՀԿՌՀ-ից վերածվում է օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի։ Այս հրթիռի մակետը Բելառուսում առաջին անգամ ցուցադրվել է 2 տարի առաջ՝ MILEX-2017-ի շրջանակներում։ M20-ի հայտարարվող հեռահարությունը 280կմ է, մարտագլխիկի զանգվածը՝ 480կգ, ճշգրտությունը՝ 30մ։
Այս հրթիռի պարագայում МЗКТ-7930 մեքենայի վրա տեղադրվում է արդեն հրթիռի արձակման 2 կոնտեյներ: Թեև հրթիռի մակետը ցուցադրվել է Բելառուսում, սակայն այդպիսի մեքենայի նախատիպ չի ցուցադրվել: Հայտնի չէ նաև Բելառուսում այս հրթիռի փորձարկան մասին: