Բելառուսը ստացել է Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռների հերթական խմբաքանակը՝ Բելառուսի ռազմաօդային ուժերում արդեն ձևավորվելով մեկ ամբողջական էսկադրիլիա։
Այս մասին հայտնում է պետական «Բելտա» գործակալությունը։ Բելառուն արդեն ուներ 8 միավոր Յակ-130 (1, 2): Երրորդ խմբաքանակը ձեռքբերելու մասին հայտնի էր դարձել 2017-ին։
Բելառուսական զինված ուժերում այս ինքնաթիռները փոխարինելու են չեխական արտադրության Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռներին, որոնց շահագործման ժամկետը լրանալու է 2020-ին:
Ռուսաստանյան «Իրկուտ» ավիաշինական ընկերության արտադրած Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռները թույլ են տալիս օդաչուներին սովորել չորրորդ և հինգերերոդ սերնդի կործանիչներ վարել։ Թեև այն իր մարտական տվյալներով զիջում է կործանիչներին, սակայն զգալի էժան արժեքը և ուսումնական նշանակությամբ կիրառությունը ինքնաթիռի դրական կողմերից են։ Մեկ Յակ-130-ի արժեքը կազմում է 15 մլն ամերիկյան դոլար։
Ուսումնամարտական ինքնաթիռի առաջին թռիչքը եղել է 1996 թվականին։ Յակ-130-ը կարող է օգտագործվել նաև որպես թեթև գրոհիչ ինքնաթիռ: Յակ-130-ի անձնակազմը 1 կամ 2 հոգի է: Այն կարող է կրել 23մմ թնդանոթների կոնտեյներներ, «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» տիպի հրթիռներ, ռումբեր՝ առավելագույնը 3000կգ զանգվածով։
Ինքնաթիռի առավելագույն արագությունը 960կմ/ժ է, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 12,5կմ: Ինքնաթիռի շահագործման ժամկետը 12 հազար թռիչքային ժամ է: