Հունիսի 21-ին Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը հայտնել է, որ Բելառուսը պլանավորում է ևս 4 միավոր Յակ-130 ուսումնամարտական ինքաթիռ գնել: Երկիրն արդեն գնել է 8 միավոր Յակ-130 ինքնաթիռ: Այս մասին հայտնում է բելառուսական «Բելտա» գործակալությունը:
Յակ-130 ինքնաթիռների ձեռքբերման պայմանագիրը Ռուսաստանի հետ կնքվել է 2015 «ՄԱԿՍ-2015» ավիացուցահանդեսի ժամանակ: 2015-ի ապրիլին Բելառուսը ստացել է առաջին 4 միավոր ինքնաթիռը, իսկ 2016-ի նոյեմբերին՝ երկրորդ խմբաքանակը:
Բելառուսական զինված ուժերում այս ինքնաթիռները փոխարինելու են չեխական արտադրության Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռներին, որոնց շահագործման ժամկետը լրանալու է 2020-ին:
Հատկանշական է, որ Բելառուսի պաշտպանության նախարարի հայտարարության օրը՝ հունիսի 21-ին, Ռուսաստանում Յակ-130 ինքնաթիռների երկու վթարային վայրէջք է գրանցվել: Մեկի դեպքում չի բացվել շասսիի առջևի կանգնակը:
Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռներն արտադրում է ռուսաստանյան «Իրկուտ» ավիաշինական ընկերությունը: Ինքնաթիռը նախատեսված է օդաչուների՝ ինչպես ինքնաթիռի կառավարման, այնպես էլ օդային և ցամաքային թիրախների խոցման հմտությունների հղկման համար։
Մեկ միավոր Յակ-130-ի արժեքը 15 մլն ԱՄՆ դոլար է։ Ուսումնամարտական ինքնաթիռի առաջին թռիչքն իրականացվել է 1996 թվականին։ Այն կարող է օգտագործվել նաև որպես թեթև գրոհիչ ինքնաթիռ:
Անձնակազմը ամենաշատը 1 կամ 2 զինծառայող է: Ինքնաթիռը կարող է կրել ГШ-23 հրանոթներ, «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» տիպի հրթիռներ, ռումբեր՝ առավելագույնը 3000 կգ զանգվածով։ Թռիչքի առաստաղը 12 500 մետր է, մեկ լիցքավորումով կարող է անցնել շուրջ 2 000 կմ։
Ինքնաթիռի առավելագույն արագությունը 960 կմ/ժ է, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 12,5 կմ: Ինքնաթիռի շահագործման ժամկետը 12 հազար թռիչքային ժամ է: