Ապրիլի 29-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իր քարոզչական խողովակներով տարածել է իրենց առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ուղերձը:
Քարոզչական հոլովակում ԻՊ առաջնորդը խոսել է վերջին շրջանում իրենց կրած պարտություններից ու անհաջողություններից, խոստացել շարունակել «պայքարը»: Բաղդադիի ելույթը հետաքրքրական է այնքանով, որ մինչ այս տարբեր ժամանակներում և տարբեր կողմերի պնդմամբ նա համարվել է մահացած կամ սպանված:
Առաջին անգամ Բաղդադին մահացած էր հայտարարվել դեռ 2005-ին՝ ԱՄՆ կողմից: 2017-ի հունիսին էլ Բաղդադիի մահվան մասին էր հայտնել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, ըստ որի՝ հավանականություն կար, թե Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ավիահարվածից վերջինս սպանվել է: Նույն տարվա հուլիսին էլ Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» (Syrian Observatory for Human Rights) կազմակերպությունը «հաստատեց» Բաղդադիի մահը:
Հակառակ մահվան մասին լուրերի՝ Իրաքի ՆԳՆ հետախուզության և հակաահաբեկչական ծառայությունից և Իրաքյան Քրդստանի հետախուզության և հակաահաբեկչական ծառայությունից էլ պնդում էին, որ Բաղդադին, իրականում ողջ է և գտնվում էր Սիրիայում:
Բաղդադիի այս տեսաուղերձը, ըստ էության, նրա կենդանության մասին առաջին հիմնավոր վկայությունն է: