Ուկրաինայում որոշել են դադարեցնել «Ուկրօբորոնպրոմ» ընկերության լիազորությունները

Ապրիլի 27-ին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Կրիվոնոսը հայտարարել է, որ խորհրդի կազմը, ի դեմս քարտուղար Ալեքսանդր Տուրչինովի, նիստ է անցկացրել և քննարկել «Ուկրօբորոնպրոմ» պետական ընկերությանը «պետական կառավարման իրեն ոչ հատուկ գործառույթներից զրկելու» հարցը։

Կրիվոնոսի հայտարարությունը հրապարակվել է խորհրդի պաշտոնական կայքում։ Կրիվոնոսը հիշեցրել է, որ «Ուկրօբորոնպրոմը» ստեղծվել էր Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախաձեռնությամբ և ուներ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ֆինանսները վերահսկելու գործառույթ։ 

Խորհրդի քարտուղարի տեղակալը հայտարարել է, որ այժմ նոր օրինագծով կլուծարվեն կոնցեռնի կազմի մի շարք ընկերություններ, դրա փոխարեն կստեղծվի լայն հնարավորություններ ունեցող պետական մարմին, որի ենթակայության տակ կլինեն կոնցեռնի մի շարք ստորաբաժանումներ։ 

Նշենք, որ այս ընկերության լուծարման մասին նշված է Ուկրաինայում ապրիլի 21-ին նախագահ ընտրված Վոլոդիմիր Զելենսկու ռազմական ոլորտում նախատեսված գործողությունների ծրագրում:

«Կոնցեռնը կզրկվի ռազմատեխնիկական քաղաքականություն ձևավորելու լիազորությունից, և կստեղծվի գործադիր մարմնի կենտրոնական պետական մարմին, որը պատասխանատու կլինի ռազմարդյունաբերական քաղաքականության ձևավորման և իրականացման համար»,- ասված է ծրագրում։ 

Հավելենք, որ «Ուկրօբորոնպրոմ» ընկերության շուրջ այս տարվա փետրվարի 25-ից կոնֆլիկտ էր սկսել, երբ ուկրաինական Bihus.info կայքի մի քանի լրագրող հրապարակել էին իրենց հետաքննությունն, ըստ որի՝ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Օլեգ Գլադկովսկու որդին՝ Իգորը, 2015թ. իր մի քանի գործընկերների հետ «Ուկրօբորոնպրոմ»-ին է վաճառել այն ժամանակ դիֆիցիտ համարվող ռուսական արտադրության պահեստամասեր՝ մի քանի անգամ թանկ գներով։ 

Ըստ աղբյուրի՝ Օլեգ Գլադկովսկին եղել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի մտերիմներից մեկը, իսկ 2014թ-ին նաև Պորոշենկոյի նախընտրական շտաբերից մեկի ղեկավարը։ Ընտրություններից հետո Գլադկովսկին ստացել է ռազմատեխնիկական համագործակցության և արտահանման վերահսկողության քաղաքականության միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը։ Արդեն 2015թ. էլ Պորոշենկոն Օլեգին նշանակել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ՝ թողնելով նրան վերահսկողությունը զինտեխնիկայի արտահանման վրա։

Իգորն ու իր գործընկերները հենց այդ ժամանակ պահեստամասերը գնել են ոչ միայն ռուս մաքսանենգներից, այլև հենց Ուկրաինայի զինված ուժերի պահեստներից։ Որպեսզի այդ պահեստամասերը վաճառեն «Ուկրօբորոնպրոմին»: Որպես մատակարար են ներկայացրել մեկօրյա ընկերություններ, որոնց միջոցով էլ կատարվել են ֆինանսական գործարքները։ Ըստ այդմ՝ պետությանը հասցվել է «առնվազն 250 մլն գրիվենի (մոտ 10 մլն դոլարի) վնաս»։ 

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հետաքննության առաջին մասի հրապարակումից մեկ շաբաթ անց աշխատանքից ազատել է Օլեգ Գլադկովսկուն, իսկ գործի շուրջ սկսել է հետաքննություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *