ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոխել «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցների ընտրության համար «Գնահատման և թեստավորման կենտրոնի» կողմից իրականացվող թեստավորման համակարգը։ Այն կփոխարինվի քաղաքացու ուսման ընթացքում ՄՈԳ-ի և/կամ ընդունելության քննությունների արդյունքներով հավաքած միավորներով։
Որոշման նախագիծը հրապարակվել է օրինագծերի հանրային քննարկման համար նախատեսված e-draft.am հարթակում։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2018/2019 ուսումնական տարվա արդյունքները ցույց են տվել, որ թեստավորումն անցած լինելու հիմքով պայմանագրեր են կնքվել ցածր առաջադիմությամբ բավականին թվով քաղաքացիների հետ, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել հետագա ուսումնառության կազմակերպման վրա:
Արդյունքում, արդեն իսկ մեկ տասնյակից ավելի ուսանողների հետ կնքված պայմանագրերը լուծարվել են՝ ցածր առաջադիմության պատճառով ուսումնական հաստատությունից հեռացվելու պատճառով:
Փաստաթղթի հիմնավորման մեջ նշվում է, որ սա լուրջ խոչընդոտ է «Պատիվ ունեմ» ծրագրի պատշաճ կազմակերպման և իրականացման, ինչպես նաև հետագայում ՀՀ զինված ուժերը բավարար գիտելիք ունեցող սպաներով համալրելու գործընթացում:
Նախարարությունը առաջարկում է ընտրված համարել նրանց, ում միջին որակական գնահատականը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 90 տոկոսը, իսկ եթե զորակոչիկը տվյալ տարվա դիմորդ է, ընտրված է համարվում ընդունելության քննությունների արդյունքներով հավաքած ընդհանուր առավելագույն միավորից նվազման կարգով, սակայն ոչ պակաս, քան 30 միավորը՝ երկու քննության համար, և երեք քննության համար՝ ոչ պակաս, քան 45 միավորը, մինչև ՊՆ ներկայացրած անհրաժեշտ տեղերի թիվը լրանալը։
Գործող որոշմամբ՝ «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակիցները ընտրվում են մրցույթով։ Պաշտպանության նախարարությունը ներկայացնում է զինվորական պաշտոնների համալրման համար անհրաժեշտ ընդունելության տեղերի թվաքանակը։ Ինչից հետո Գնահատման և թեստավորման կենտրոնը անցկացնում է մրցույթ։
Նշենք, որ ծրագրի մասնակիցը ունի բուհում անվճար սովորելու և ուսման ժամկետով զինծառայությունից տարկետում ստանալու իրավունք։ Ուսման և զինվորական պատրաստության ավարտից հետո կնքվում է պաշտպանության նախարարության նշած վայրում զինծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր։
Շահառուն 3 տարի որպես սպա ծառայելուց հետո 2 տարվա ընթացքում կարող է Հայաստանում մագիստրատուրա ընդունվել և սովորել անվճար։