Պատգամավորի նշած ընկերության անունը կապվում է զենքի ապօրինի վաճառքի հետ

Մարտի 22-ին ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հայտնի դարձավ, որ զրահամեքենաներ արտադրող Streit Group ընկերությունը փորձում է արտադրություն կազմակերպել Հայաստանում, սակայն կան խանգարողներ: Հատկանշական է, որ այդ ընկերությունը հայտնվել է զենքի անօրինական տեղափոխման/վաճառքի պատմություններում:

Մասնավորապես՝ նիստի ընթացքում ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանը, դիմելով ՊՆ տեղակալ Գաբրիել Բալայանին, նշում է․ «Streit Group ընկերությունը մեկ տարի է փորձում է Հայաստանում զրահամեքենաների արտադրություն կազմակերպել և ինչ-որ մարդիկ խանգարում են»:

Streit Group-ը արտադրական ձեռնարկություններ ունի Պակիստանում, Հնդկաստանում, Թայլանդում, Հորդանանում, Թուրքիայում, Իրաքում և ԱՄՆ-ում, որտեղ հիմնականում կազմակերպում են սովորական քաղաքացիական մեքենաների զրահապատման աշխատանքներ: Ընկերության գլխավոր ձեռնարկությունը Արաբական Միացյալ Էմիրություններում է, որտեղ էլ հիմնականում արտադրվում են մարտական զրահամեքենաները:

Գործունեության ընթացքում ընկերությունը հայտնվել է սպառազինության անօրինական կամ խնդրահարույց վաճառքի պատմություններում: ԱՄՆ-ում 
Streit Group-ին մեղադրել են 2007-2009թթ. Կանադայի միջոցով դեպի Վենեսուելա, իսկ ԱՄԷ-ի միջոցով՝ դեպի Նիգերիա, Ֆիլիպիններ ևն զրահապատ մեքենաների անօրինական վաճառքի մեջ, ինչի համար ընկերությունը  ենթարկվել է ֆինանսական տույժի:

Streit Group-ը հայտնվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցներում՝ 2012-ին՝ սպառազինության վաճառքի արգելանքի խախտմամբ՝ Լիբիայի ներքին գործերի նախարարությանը ԱՄԷ-ից զրահամեքենաներ մատակարարելու համար: Նշենք, որ չնայած դրան՝ Streit Group-ը ունեցել է ԱՄԷ իշխանությունների թույլտվությունը: 

ՄԱԿ-ի ԱԽ մեկ այլ զեկույցից էլ պարզ է դառնում, որ Streit Group-ը զրահամեքենաներ է փոխանցել ռուսաստանյան «ԿամԱզ» ընկերությանը՝ որպես վերջնական օգտագործողի՝ իմանալով, որ տեխնիկան իրականում մատակարարվում է Սուդան: Ըստ էության՝ Streit Group-ը «ԿամԱԶ»-ի միջնորդությամբ զարտուղի ճանապարհով զրահամեքենաներ է մատակարարել Սուդանին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *