20 տարի «1000+ հիմնադրամը» փող կփոխանցի նաև 2008-14-ին զոհվածների և վիրավորվածների ընտանիքներին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 2019 թվականի առաջին նիստին որոշում է կայացվել վճարել նաև 2008 ” 2014 թվականներին 170 հաշմանդամ դարձածի կամ զոհվածի ընտանիքի:

Այս մասին հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը գրել է ֆեյսբուքյան էջում. «Քայլ առ քայլ մենք հասնում ենք դեռևս 2016 թվականի նոյեմբերին մեր առջև դրված նպատակներին»:

Նշենք, որ 2018 թվականի հուլիսին հիմնադրամի խորհուրդը որոշել է 
հատուցումներ անել նաև 2016, 2015 թվականին զոհվածների/վիրավորների ընտանիքներին շնորհիվ՝ ֆինանսական միջոցների բավարար լինելու: Հիմնադրամը սկսել է գործել 2017-ի հունվարից և ի սկզբանե այն տարածվում էր 2017-ին եղած դեպքերի վրա:

Հիմնադրամի տնօրենը Ռազմինֆոյին հայտնեց, որ այս ընտանիքները
 20 տարվա ընթացքում ստանալու են ամսական գումար, սակայն միանվագ գումար նրանց չի փոխանցվի, քանի որ նրանք նախկինում արդեն ստացել են։

«Բացի այդ, մենք համահարթեցնում ենք՝ վճարելով հիմնադրամով սահմանված գումարի և այսօրվա դրությամբ պետության կողմից իրենց ստացվող գումարի տարբերությունը։ Այսինքն, եթե անձը սպա է և մենք իրեն 1-ին կարգի հաշմանդամության համար պետք է վճարեինք 300 հազար դրամ, և այս պահին ինքը պետությունից ստանում է 100 հազար դրամ, ապա մենք այդ տարբերությունն ենք լրացնում՝ 200 հազար դրամ, որպեսզի հավասարվի և արդարություն պահպանվի 2017 թվականի հունվարի 1-ից հետո գրանցված դեպքերի և 2017 թվականի հունվարի մեկից առաջ գրանցված դեպքերի միջև։»,– մանրամասնեց Վարուժան Ավետիքյանը։

Մինչ այս 2017, 2018, 2019 թվականներին զոհված կամ վիրավորված 158 զինծառայող ստացել է և միանվագ գումարը և ամսական վճարումները: 2015-16թթ. վիրավորված կամ զոհված ևս 76 զինծառայող (այդ թվում՝ կամավորական) ստանում է ամսական գումար՝ 20 տարի ժամկետով: Նշենք, որ հիմնադրամից գումար են ստանում նաև ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքները, այդ թվում՝ «Մարտական խաչի» շքանշանակիրներ։

Հիմնադրամի կայքը հայտարարություն է տարածել, որում նշվում է. «Անդրադարձ կատարելով իրականացված աշխատանքներին և ֆինանսական միջոցների հավաքագրման ընթացակարգերին՝ խորհրդի անդամները նշել են, որ փաստացի նախորդ տարի հիմնադրամի ակտիվների կառավարումից գոյացած միջոցները գերազանցել են կատարված հատուցումների ծավալը, ինչը ևս մեկ անգամ վկայում է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեության բարձր արդյունավետությունը»:


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *