Մարտի 22–ին Աֆղանստանում գործողության ժամանակ զոհվել է «Վճռական աջակցություն» խաղաղապահ միջազգային առաքելության մասնակից ԱՄՆ 2 զինծառայող։
Այս մասին հայտնում է առաքելության պաշտոնական կայքը։
Հայտարարության մեջ նշված չէ, թե ինչ գործողության մասին է խոսքը, այլ մանրամասներ նույնպես չկան։ Զոհվածների անունները, համաձայն ԱՄՆ օրենքի, հրապարակվում են դեպքից 24 ժամվա ընթացքում։
2019 թվականի ընթացքում ԱՄՆ–ն Աֆղանստանում կորցրել է 4 զինծառայող (ներառյալ վերոնշյալ դեպքը)։ ԱՄՆ բանակի Stars and Stripes թերթի փոխանցմամբ՝ 2001 թվականի հոկտեմբերից Աֆղանստանում մահացել է ավելի քան 2400 ամերիկացի զինծառայող։
Նշենք, որ Աֆղանստանում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում տեղի անվտանգային կառույցներին օժանդակում և մարզում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունները «Վճռական աջակցություն» գործողության շրջանակներում: Այս առաքելությանը մասնակցում են նաև հայաստանցի խաղաղապահները։