5 իրանցի զինծառայող պատանդ է պակիստանցի զինյալների մոտ․ 9-ին ազատել են

Պակիստանի իշխանությունները գերությունից ազատել և Իրան են վերադարձրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) 4 սահմանապահի, որոնց պակիստանցի զինյալները առևանգել էին 2018-ի հոկտեմբերին։

Tasnim լրատվակայքի փոխանցմամբ՝ այս մասին  հայտնել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը։

Բահրամ Ղասեմին շնորհակալություն է հայտնել Պակիստանի կառավարությանը և հույս հայտնել, որ առևանգված մյուս սահմանապահները նույնպես հնարավորինս շուտ կվերադառնան Իրան:

Հոկտեմբերին «Ջեյշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման անդամները ներխուժել էին Իրան և պատանդառել ԻՀՊԿ և «Բասիջ» կազմավորման 14 անդամի։ Մեկ ամիս անց Պակիստանի կառավարությանը հաջողվել էր նրանցից 5-ին ազատել և վերադարձնել Իրանին։ Այսպիսով, պակիստանցի զինյալների ձեռքում է մնում 5 իրանցի զինծառայող։

Իրանը ևս մեկ անգամ խնդրել է Պակիստանին և Աֆղանստանին ուժեղացնել սահմանային պահպանության ռեժիմը։ Երեկ Պակիստանը հայտարարել է Իրանի հետ սահմանին պաշտպանությունը ուժեղացնելու մասին՝ զինյալների կողմից սահմանային հատումները չեզոքացնելու նպատակով։

Պակիստանի և Իրանի միջև սահմանը 900 կմ է։ Այստեղ Իրանը ակտիվ պայքար է մղում Պակիստանից ներթափանցող ահաբեկչական խմբավորումների, մաքսանենգների դեմ։

Իրանի Սիսթան և Բելուջիստան ու Պակիստանի համանուն՝ Բելուջիստան սահմանակից նահանգներում գործում են հիմնականում սուննի բելուջներից կազմված զինված անջատողական խմբավորումներ, որոնք հաճախ են բախումների մեջ մտնում Իրանի ուժային կառույցների հետ։ Հատկապես ակտիվ են գործում «Ջեյշ ալ Ադլ» («Ջեյշ ալ Զոլմ») և «Ջունդոլլահ» խմբավորումները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *