Ոստիկանը դիրքում անդամախեղում է արել, ապա ցուցմունք տվել հակառակորդի դեմ․ ՔԿ

2018 թվականի սեպտեմբերին 2-ին Տավուշում մարտական հերթապահություն իրականոցնող ոստիկաններից մեկը ինքն իրեն ձախ ուսի շրջանում հրազենային վնասվածք է հասցրել՝ կատարելով անդամախեղում, ինչը հանգեցրել է վերջինիս կողմից զինվորական ծառայության պարտականությունները ժամանակավորապես դադարեցնելուն: Այնուհետև ոստիկանության ծառայողը սուտ ցուցմունք է տվել և մեղադրել է հակառակորդին՝ իրենց խրամատ ներթափանցելու և իրեն վիրավորելու համար։

Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կողմիտեի կայքը։ 

Իրադարձությունները հաջորդականությամբ՝ ստորև․

2018թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, հաղորդագրություն է ստացվել, որ ՊՆ մարտական դիրքում հակառակորդի հետ  տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով որպես դիտորդ ծառայության նշանակված ոստիկանության զորքերի դասակի հրաձիգ-դիպուկահարը ձախ ուսի շրջանում ստացել է  հրազենային վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 13-րդ կետով, և ձեռնարկվել նախաքննություն:

Քրեական գործով Ոստիկանության զորքերի ծառայողը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել, որ 02.09.2018թ., ըստ գրաֆիկի՝ ժամը 19:00-ից մինչև ժամը 21:00-ն առաջնագծում որպես դիտորդ ծառայություն իրականացնելիս, ժամը 20:30-ի սահմաններում, հակառակորդի զինծառայողը ներթափանցել է առաջնագծի խրամատ, և վերջինիս հետ փոխհրաձգության ժամանակ զգացել է, որ ձախ ուսի հատվածում հրազենային վնասվածք է ստացել:

Մարտական հերթապահության ժամանակ կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար, ոստիկանության պետի հրամանի համաձայն, ոստիկանության պետի կողմից ծառայողը պարգևատրվել է «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 1-ին աստիճանի կրծքանշանով:

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է, որ ծառայողը ձախ ուսի շրջանում հրազենային վնասվածքը հասցրել է ինքն իրեն, իրեն կցված դիպուկահար հրացանով՝ կատարելով անդամախեղում, ինչը հանգեցրել է վերջինիս կողմից զինվորական ծառայության պարտականությունները ժամանակավորապես դադարեցնելուն:

Այնուհետև, հանցագործության դեպքի մասին գիտակցաբար տրամադրելով կեղծ տեղեկատվություն՝ ուղղակի դիտավորությամբ կատարել է սուտ մատնություն, որը զուգորդվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, ինչից հետո մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելու նպատակով իրեն կցված դիպուկահար հրացանից 12 կրակոց է արձակել հակառակորդի  ուղղությամբ՝ վատնելով իրեն տրամադրված  ռազմամթերք հանդիսացող թվով 12 փամփուշտ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ոստիկանության զորքերի ծառայողին մեղադրանք է առաջադրվել

  • ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով – անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը
  • 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով – սուտ մատնությունը
  • 371-րդ հոդվածի  2-րդ  մասով – ռազմական գույքը վատնելը

Ծառայողի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել 
է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Ոստիկանության զորքերը առաջնագիծ մեկնելուց առաջ
Ոստիկանության զորքերը առաջնագիծ մեկնելուց առաջ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *