Մարտի 12-ին հիմնականում ներգրավվեցին հրթիռահրետանային ստորաբաժանումները՝ մշտական տեղակայման վայրերից կրակային դիրքեր տեղափոխվելով: Զուգահեռ վարժանքներին միացավ նաև ավիացիան:
Ինչպես արդեն հայտնել էինք, վարժանքներին ներգրավվել էր Ադրբեջանի ԶՈւ առանձին հրթիռային բրիգադը՝ «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ների և LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի կազմով: Հրթիռային միջոցները մեկնել էին կրակային դիրքեր և բերվել մարտական վիճակի:
Հրթիռահրետանային այլ զորամասերի ստորաբաժանումները ևս մշտական տեղակայման վայրերից տեղափոխվեցին կրակային դիրքեր: Կիրառված տեխնիկան ստորև.
Համազարկային կրակի ռեկտիվ համակարգեր
- RM-70
- ԲՄ-21 «Գռադ»
Ինքնագնաց հրետանային համակարգեր
- «Մստա-Ս»
- «Դանա»
Քարշակվող հրետանի
- Դ-30
- Գիացինտ-Բ
Մասնակցում են նաև «Խրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համակարգերի ստորաբաժանումներ:
Վարժանքներին միացավ նաև ավիացիան, մասնավորապես՝ 2 միավոր ՍՈւ-25 գրոհիչ, ինչպես նաև Մի-35 և Մի8/17 ուղղաթիռներ:
Հայտնի դարձավ նաև, որ Նախիջևանում մարտի 11-16-ը զուգահեռ անցկացվում է հրամանատարաշտաբային զորավարժություն:
Հիշեցնենք, որ զորավարժությունը մեկնարկել է երեկ՝ մարտի 11-ին: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ այդ վարժանքներին ներգրավվել են մինչև 500 միավոր զրահատանկային տեխնիկա, ավտոմոբիլային և հատուկ միջոց, մինչև 300 միավոր տարբեր տրամաչափի հրթիռահրետանային միջոց, տարբեր նշանակության մինչև 20 միավոր ավիացիոն միջոց:
Զորավարժությունների առաջին օր՝ մարտի 11-ին, օպերատիվ շրջաններ են երթով մեկնել Ադրբեջանի ԶՈւ 4-րդ կորպուսի մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումները: