ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարությունը իսրայելա-ամերիկյան համատեղ զորավարժության շրջանակում իր ենթակայության THAAD ՀՕՊ համակարգի մեկ դիվիզիոն է ուղարկել Իսրայել:
Այս մասին թվիթերի էջում հայտնում է Իսրայելի բանակի՝ միջազգային մեդիայի գծով բաժնի ղեկավար Ջոնաթան Քոնրիքուսը:
Զինտեխնիկան տեղափոխել են C-5 ռազմական բեռնատար ինքնաթիռով: Ինքնաթիռը վայրէջք է կատարել Իսրայելի կենտրոնական մասում գտնվող «Նավաթիմ» ավիաբազայում: Համակարգերի հետ միասին Իսրայել է ժամանել նաև ԱՄՆ ԶՈւ 200 զինծառայող: Իսրայելի բանակի մամուլի խոսնակ Ռոնան Մանելիսը հայտնել է, որ զորավարժության շրջանակներում համակարգերը տեղակայվելու են Իսրայելի հարավում:
Ըստ Իսրայելի ռազմաօդային ուժերի՝ նպատակը համակարգերի արագ տեղաշարժի գործնական կիրառումը, ինչպես նաև Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերի հետ համագործակցության բարելավումն է: