ՌԴ-ն դադարեցնում է ԱՄՆ հետ «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման» պայմանագիրը

2019 թվականի մարտի 4–ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով դադարեցնում է ԽՍՀՄ–ի և ԱՄՆ–ի միջև կնքված «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը։

Այս մասին հայտնում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը։

Հրամանի մեջ նշված է, որ Ռուսաստանը դադարեցնում է պայմանագիրը ԱՄՆ–ի կողմից պայմանագրի դրույթները խախտելու պատճառով։ Ռուսաստանը պայմանագիրը դադարեցնում է այնքան ժամանակ մինչև «Միացյալ Նահանգները կվերացնի պայմանագրայով նախատեսված դրույթների խախտումները կամ պայմանագիրը կդադարի գոյություն ունենալուց»։

Հարկ է նաև նշել, որ դեռ ավելի վաղ՝ 2018 թվականի հոկտեմբերին նույն պայմանագրից դուրս գալու հնարավորություն մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը ստորագրվել է 1987-ի դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև, իսկ ուժի մեջ է մտել 1988-ի հունիսի 1-ից։ Կողմերը պարտավորվում էին չարտադրել ու չփորձարկել միջին (1000-5500 կմ) և փոքր (500-1000 կմ) հեռահարության ցամաքային տեղակայման բալիստիկ ու թևավոր հրթիռներ, ինչպես նաև 3 տարվա ընթացքում պետք է ոչնչացվեին այդ դասի արդեն գոյություն ունեցող բոլոր հրթիռները և դրանց արձակման կայանները։

1991-ի հունիսին պայմանագրի կետերը կատարվել էին և Խորհրդային Միությունը ոչնչացրել էր 1846, իսկ Միացյալ Նահանգները՝ 846 հրթիռային համակարգ։

Կողմերը բազմիցս մեղադրել են միմյանց պայմանագիրը խախտելու համար։ Այդպիսի վերջին մեղադրանքը հունվարին էր, երբ Ռուսաստանը ներկայացրել էր «Իսկանդեր–Մ» համակարգի նոր թևավոր հրթիռ ու արձակման կայան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *