Բժիշկների, սակրավորների և ոստիկանների 83 հոգանոց ՀՀ ՊՆ խումբը արդեն Սիրիայում է

Այսօր՝ փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայաստանցի մասնագետներից բաղկացած խումբը (83 հոգի) գնացել է Սիրիա՝ (ք.Հալեպ):

Այս մասին հայտնում է ՊՆ կայքը։

ՊՆ հաղորդագրության մեջ գրված է, որ հայկական խումբը Հալեպի «բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում» ծավալելու է հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:

Նշվում է, որ նման որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2017 թվականի № 2393 և 2018 թվականի № 2401 բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը:

Սիրիա մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվում են ռուսաստանյան կողմի աջակցությամբ:

Նախկինում հայկական կողմը հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիայի ժողովրդին։

Նշենք, որ այս որոշումը արժանացել է նաև քննադատությունների։ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը այն որակել էր որպես «Սիրիա մասնագետներ ուղարկելու դժվար իրականանալի և խնդրահարույց պարտավորություն»։ Իսկ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Արմեն Աշոտյանը այսօր հայտարարել է, որ հայկական զորախումբը Սիրիա է ուղարկվել առանց միջազգային համապատասխան պայմանագրի՝ օրենքի խախտմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *