Ռազմինֆոն զորակոչի մեկնարկի հետ ներկայացնում է իր նոր հեղինակային շարքը՝ հարցազրույցներ զորակոչիկների հետ։ Այսօրվա մեր զրուցակիցն է երևանցի Հրանտ Գևորգյանը։
Նա սովորում է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում։
-Ի՞նչ եք հիմա զգում, ինչպիսի՞ն է նախազորակոչային տրամադրությունը։
Ճիշտն ասած՝ անչափ ոգևորված եմ ու սպասում եմ գնալուս օրվան, նույնիսկ արդեն օրերն եմ հաշվում (ժպտում է)։
-Իսկ ընտանիքում ինչպիսի՞ն է տրամադրությունը, ո՞վ է ամենաշատը հուզված։
Ախր ընտանիքում բոլորն էլ շատ հուզված են, բայց չգիտեմ ինչո՞ւ, նույնիսկ ընկերներս են հուզված։ Ասում են՝ մի գնա և այլն, բայց չեն հասկանում, որ դա իմ պարտքն է, ու շատ վատ եմ զգում այդ ամենը տեսնելով ու լսելով։
-Որտե՞ղ կուզենայիք ծառայել, Հայաստանի ո՞ր հատվածում։
Ուր տանեն, պատրաստ եմ ծառայել։
-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեզ ծառայության ընթացքում։
Իմ պատկերացնելով՝ չէ, մինչև չլինեմ չեմ պատկերացնի։
-Պայմանագրային զինծառայության կմնա՞ք պարտադիր ժամկետային ծառայությունից հետո։
Ինձ թվում է ոչ, որովհետև ուսումս պետք է շարունակեմ, բայց եթե կարիք լինի կմնամ, ինչու՝ չէ՞։
-Եթե հնարավորություն ունենայիք բանակում չծառայել, կօգտվեի՞ք։
Այո, եթե երկիրը լիարժեք պաշտպանված լիներ կօգտվեի, կփորձեի ավելի օգտակար գործեր անել երկրի համար։
-Կրակել գիտե՞ք։
Ոչ չգիտեմ, բայց հուսով եմ կսովորեմ։
Ի՞նչը կամ ո՞ւմ ամենաշատը կկարոտեք։
Առաջինը ծնողներիս, ընկերներիս, համալսարանս, բարեկամներիս, տուն-տեղս և այլն։
-Սպորտով զբաղվում կամ զբաղվե՞լ եք։
Այո։
-Ո՞ր սպորտաձևն է։
Ֆուտբոլով եմ զբաղվել։
-Առավոտյան քանիսի՞ն եք արթնանում։
Սովորաբար 8:00-ին։
-Ինչպե՞ս եք պատրաստվում արթնանալ բանակում։
Դե դա դժվար հարց է, երևի սկզբում կդժվարանամ, բայց որոշ ժամանակ անց կսովորեմ։
-Ինչպե՞ս եք վերաբերում, որ աղջիկները ծառայեն բանակում։
Ես վատ եմ վերաբերվում, որ աղջիկները ծառայեն։ Աղջիկները թող ճաշ եփել սովորեն, մենք կծառայենք։
-Սիրած զբաղմունք ունե՞ք։
Ազատ ժամանակ զբաղվում եմ սպորտով ու նոր գրքեր կարդալով։
Հարցազրույցը՝ Հասմիկ Մելիքսեթյանի