Յակ-130 ինքնաթիռները պատրաստ են ուղարկվել Սիրիա

Ռուսական Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռի խմբաքանակը, որը պատվիրել էր Սիրիան, պատրաստ է այդ երկիր ուղարկվելու համար, սակայն որոշակի քաղաքական խնդիրներ կան։ Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստիի», «Լը Բուրժե» ավիացուցահանդեսի ժամանակ հայտարարել են ռուսաստանյան պատվիրակության անդամները։

«Իրկուտ» ընկերությունն արդեն պատրաստել է ինքնաթիռների  պլաներները, որոնք այժմ գործարանի պահեստում են։

Յակ-130

Յակ-130

Յակ-130-ի շարժիչները և մի քանի այլ մասեր կտեղադրվեն այն ժամանակ, երբ համապատասխան «քաղաքական որոշում» կայացվի, նշել են ռուսաստանյան պատվիրակության անդամները։

Նրանք հավելել են, որ «քաղաքական որոշումն» ընդունելուց հետո արդեն ամբողջովին պատրաստ ինքնաթիռներն անմիջապես կուղարկվեն պատվիրատուին։

Նշենք, որ Սիրիան ռուսական կողմի հետ Յակ-130 ինքնաթիռներ ձեռք բերելու պայմանագիրը կնքել էր 2011 թվականի դեկտեմբերին։ Առաջին 6 ինքնաթիռների համար պաշտոնական Դամասկոսը վճարել է 100 մլն ամերիկյան դոլար։

Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մեծ ութնյակի գագաթաժողովի ժամանակ հայտարարել էր, որ «ինքնաթիռները Սիրիային հանձնելն օրինական է»։

Յակ-130 ինքնաթիռները թույլ են տալիս օդաչուներին սովորել հինգերորդ և 4++ սերնդի կործանիչներ վարել։ Թեև այն իր մարտական տվյալներով զիջում է կործանիչներին, սակայն զգալի էժան արժեքը և ուսումնական նշանակությամբ կիրառությունը ինքնաթիռի դրական կողմերից են։

Մեկ Յակ-130-ի արժեքը կազմում է 15 մլն ամերիկյան դոլար։ Ուսումնամարտական ինքնաթիռի առաջին թռիչքը եղել է 1996 թվականին։

Յակ-130-ը կարող է օգտագործվել նաև որպես թեթև գրոհիչ ինքնաթիռ.ն կարող է կրել 23մմ թնդանոթների կոնտեյներներ, «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» տիպի հրթիռներ, ռումբեր։ Առավելագույն մարտական բեռնվածությունը 3000կգ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *