ԱՄՆ գլխավորած կոալիցիան ոչնչացրել է մզկիթում գտնվող ԻՊ շտաբ․ Պենտագոն

Հունվարի 24–ին Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիան ավիահարվածներով ոչնչացրել է սիրիական մզկիթ, որը, ամերիկյան կողմի պնդմամբ, «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալները դարձրել են իրենց հրամանտարական կետ։

Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը, նշելով, որ սա մեկ շաբաթում երկրորդ դեպքն է, երբ իսլամիստները տեղակայվում են մզկիթում՝ այն դարձնելով ռազմական թիրախ։

Հաղորդագրությունում չի նշվում՝ արդյո՞ք գործողության ժամանակ իսլամիստները զոհեր կամ վիրավորներ ունեցել են, թե՝ ոչ։

Պենտագոնի մամուլի ծառայության տնօրեն Ռոբ Մենինգի հաղորդմամբ՝ ԻՊ անդամները զինված կոնֆլիկտների ժամանակ հաճախ են օգտագործում հասարակական նշանակության օբյեկտները (հիվանդանոցներ, մզկիթներ):

Նշենք, որ այս շաբաթվա առաջին հարվածը սիրիական մզկիթի վրա եղել էր հունվարի 18–ին՝ Սիրիայի արևելյան Աս–Սաֆաֆիա գյուղում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *