Հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) առափնյա ռազմաբազա` «Թուֆան» տեսակի նորակառույց նավին և այլ նոր զինտեխնիկային ու ԱԹՍ–ներին ծանոթանալու։ Այցի նկարներից մեկում երևում է, որ ՊՍԾ բազայում կան իսրայելական “Elbit Systems” ընկերության արտադրանք “Sky Striker” մահապարտ անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։
Այցի մասին տեղեկանում ենք Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքից։“Elbit Systems” ընկերությունը “Sky Striker” մահապարտ ԱԹՍ–ները առաջին անգամ ներկայացրել է 2016թ. նոյեմբերին։ Այս ԱԹՍ–ն կարող է օդում շրջել, հետախուզել թիրախին ու օդում մնալ 2 ժամ, եթե իրեն կցված է 5 կգ մարտագլխիկ, և մոտ 1 ժամ՝ եթե կցված է 10 կգ մարտագլխիկ։
ԱԹՍ–ի առավելագույն արագությունը՝ 185 կմ/ժ է, հարվածային փուլի ժամանակ ԱԹՍ–ն սլանում է 555կմ/ժ արագությամբ։
Ադրբեջանի ՊՍԾ բազայում արված լուսանկարում երևում է առնվազն 13 միավոր ”Sky Striker” ԱԹՍ։
Ադրբեջանական Azeridefense կայքի տվյալներով՝ Ադրբեջանը այս ԱԹՍ–ի առաջին օտարերկրյա գնորդն է։
Նշենք, որ Ադրբեջանի ՊՍԾ–ն ունի նաև կրկին իսրայելական արտադրության Harop տեսակի և ադրբեջանական Azad Systems ընկերության արտադրության «Զարբա 1K» տեսակի մահապարտ ԱԹՍ–ներ։ Harop-ի թռիչքի տևողությունը 6 ժամ է, առավելագույն արագությունը՝ շուրջ 185 կմ/ժ, իսկ մարտագլխիկի զանգվածը՝ 15 կգ: