Հարավային Կորեան 7,3 մլրդ է հատկացրել նոր կործանիչների համար

Կորեայի Հանրապետությունը նոր կործանիչներ ձեռք բերելու մրցույթ է հայտարարել, փոխանցում է Defense Talk-ը։

Հարավկորեական կողմը նախատեսում է ձեռք բերել 60 ժամանակակից կործանիչներ, որոնց համար առավելագույնը տրամադրելու է 7,3 մլրդ ամերիկյան դոլար։

Երկրի խորհրդարանի որոշմամբ՝ մեկ կործանիչի համար առավելագույնը թույլատրվում է վճարել 122 մլն ամերիկյան դոլար։

Ըստ Defense Talk-ի տեղեկությունների՝ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության հայտարարած մրցույթին մասնակցում են «Բոինգը» (Boeing), «Լոքհեդ Մարթինը» (Lockheed Martin), EADS-ը։

F-35A

F-35A

«Լոքհեդ Մարթինը», որը F-35 Lightning II կործանիչի արտադրողն է, որոշել է մասնակցել մրցույթին, թեև նրա առաջարկած հինգերորդ սերնդի կործանիչի արժեքն առանց սպառազինության շուրջ 153 մլն դոլար է։ «Լոքհեդ Մարթինը» պայմանագրին կից խոստանում է աջակցել Կորեային ռազմական նշանակության արբանյակներ ստեղծելու հարցում։

F-15-SilentEagle

F-15-Silent Eagle

«Բոինգն» առաջարկում է F-15 Silent Eagle կործանիչը, որը 70-ականներին ստեղծված F-15-ի խորապես կատարելագործված տարբերակն է։ F-15 Silent Eagle-ը 4++ սերնդի կործանիչ է, իսկ նրա մոտավոր արժեքը 100 մլն ամերիկյան դոլար է։ «Բոինգը» հարավկորեական կողմին խոստանում է պայմանագիր կնքելու դեպքում համագործակցել նաև տեղի պահեստամասեր արտադրող ընկերությունների հետ։

Eurofighter Typhoon

Eurofighter Typhoon

Եվրոպական EADS կոնցերն առաջարկում է Eurofighter Typhoon կործանիչը, որը նույնպես 4++ սերնդի է։ Այս կործանիչի արժեքը կազմում է 123 մլն ամերիկյան դոլար։ EADS-ը նաև առաջարկում է Կորեայի հետ միասին զբաղվել հինգերորդ սերնդի կործանիչների ստեղծմամբ։ Եվրոպական կոնցերնը պատրաստ է 2 մլրդ դոլար ներդրում կատարել այդ նախագծում։

Ըստ աղբյուրի՝ հարավկորեացիներն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կշարունակեն հայտեր ընդունել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *