ՆԱՏՕ-ն աֆղանական զորքերին հանձնել է երկրի անվտանգության վերահսկումը

Աֆղանստանում ավարտվել է դեռևս 2011-ին սկսած երկրի անվտանգության ապահովվման վերահսկումը ՆԱՏՕ-ի զորքերից աֆղանական ուժերին փոխանցելու գործընթացը։

BBC-ն հաղորդում է, որ Աֆղանստանի ներկայիս նախագահ Համիդ Քարզայը պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել 95 շրջանների ռազմական վերահսկումն աֆղանական զորքերին տրամադրելու առիթով կազմակերպված հատուկ արարողության ժամանակ։

Նշենք, որ արարողության մեկնարկից քիչ հետո Քաբուլում պայթյուն է գրանցվել, որը խլել է 3 մարդու կյանք։ Մահապարտ ահաբեկչի թիրախը, ամենայն հավանականությամբ, ավտոշարասյունն էր, որտեղ աֆղանական խորհրդարանի պատգամավոր, ազգային փոքրամասնություն կազմող հազարացիների առաջնորդ Մոհամմադ Մոհաքեքն էր։ Վերջինս թեթև վնասվածք էր ստացել պայթյունի արդյունքում։

Աֆղանական կառավարությունն առաջին անգամ է վերահսկում երկրի ամբողջ տարածքը՝ 1989-ին խորհրդային զորքերի դուրսբերումից ի վեր։

Աֆղանստան ներխուժումից հետո 2011-ի ամռանը ՆԱՏՕ-ն Բամիան շրջանի վերահսկողությունը հանձնեց աֆղաններին։ Վերջին տարածքները, որտեղ ՆԱՏՕ-ի նախաձեռնությամբ հաստատվել է Աֆղանստանի կառավարության վերահսկումը, 13 շրջաններն են Քանդաքարում, 12-ը՝ Նանգարհարում, Հոսթում ու Պակթիկում։ Սրանք բոլորն էլ թալիբների ու արմատականների տեղակայման կենտրոններ են։

Աֆղանստանի անվտանգության ուժերի անձնակազմը վերջին տարիներին 40 հազարից աճել է 350 հազարի։ Այնուհանդերձ, երբ ՆԱՏՕ-ն սկսեց շրջանների վերահանձնման գործընթացը, աֆղանական ուժերը գրանցեցին զինծառայողների մահվան դեպքերի կտրուկ աճ։ Բացի այդ, Աֆղանստանում նշանակալից է դասալքության թիվը, ուստի կառավարությունը հաճախ հարկադրված է լինում հազարավոր պայմանագրայինների վարձել։

Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարներից մեկը՝ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը, վկայում է, որ աֆղանական ուժերը լավ են կատարում իրենց առջև դրած պարտականությունները։

Վերջին շրջանում Քաբուլում գրոհայինների հարձակման ժամանակ աֆղանական ոստիկանությունը միայն սեփական ուժերով, առանց Աֆղանստանում տեղակայված այլ երկրների զինվորների, կարողացել է ետ մղել զինյալներին։

Հավելենք, որ 2011-ին ՆԱՏՕ-ն Աֆղանստանում ուներ ռեկորդային թվով՝ 140 հազար զորք։ Ծրագրվում է 2014-ի վերջին բոլոր զորքերը դուրս բերել Աֆղանստանից՝ այնտեղ թողնելով միայն զինվորների փոքր խումբ, որը, աֆղանական կառավարության համաձայնությամբ, կաջակցի զորակոչիկների ուսուցման ու վարժանքների հարցում։

Զորքերի դուրսբերման հիմնական պատճառն ահաբեկչական հարձակումների՝ օրեցօր աճող թիվն է, ընդ որում՝ հարձակումներն իրականացվում են հենց խաղաղապահ զորքերի կայանների ու ռազմաբազաների վրա։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռևս ստույգ չի հայտարարել՝ ամերիկյան քանի զինծառայող է մնալու Աֆղանստանում, սակայն հավաստիացրել է, որ Աֆղանստանի կառավարությունն իրենցից կստանա համապատասխան զինտեխնիկա՝ գրոհայինների դեմ պայքարելու համար։ Տրամադրվող ռազմական տեխնիկայի շարքում հիշատակվում են բեռնատար ինքնաթիռներ և Մի-17 ուղղաթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *