Զինվորի առաքելությունն ամենակարևորն է. Արամ Թորոսյան

Զորակոչի մեկնարկի հետ  Ռազմինֆոն  ներկայացնում է նոր հեղինակային շարք՝ հարցազրույցներ  զորակոչիկների հետ։ Այսօրվա զրուցակիցն է  երևանցի Արամ Թորոսյանը։

Արամ Թորոսյան

Արամ Թորոսյան

Նա ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը։ Ուսումնառությանը զուգահեռ աշխատել է Մատենադարանում:

-Ի՞նչ տրամադրությամբ եք գնում բանակ, ինչպիսի՞ն է մթնոլորտը Ձեր ընտանիքում։

Սկզբնական շրջանում ընտանիքիս անդամները` հայրս, մայրս, եղբայրս բավականին լարված և հուզված էին։ Ես առաջինն եմ ընտանիքում, որ գնում է ծառայության: Վիճակն անսովոր էր, բայց ես ինքս բնական համարեցի ՀՀ զինված ուժերում ծառայելն ու ասացի ընտանիքիս անդամներին: Հիմա բոլորս հանգիստ ենք վերաբերում այդ փաստին: Տրամադրությունս լավ է, կենտրոնացնում եմ մտքերս:

-Իսկ բանակային ծառայությունն ինչպե՞ս եք պատկերացնում։

Դժվարություններ, որոնք խտացված են լինելու երկու տարվա մեջ և որոնց հաղթահարումը տղամարդուն, հատկապես հայ տղամարդուն, հետագա ողջ կյանքի ընթացքում կողմնորոշվելու համար անհրաժեշտ փորձի մեծ ներկապնակ կարող է ծառայել: Պետք չէ վախենալ բանակում սպասվող դժվարություններից։

-Որտե՞ղ կուզենայիք ծառայել։

Առանձնապես չեմ մտածում այդ ուղղությամբ: Ասում են` որքան հեռու, այնքան լավ, շուտ կկտրվես քաղաքացիական կյանքից և արագ կներգրավվես ծառայությանը:

-Նախընտրած ստորաբաժանում ունե՞ք։

Հավանաբար տանկային:

-Ձեզ պայմանագրային զինծառայող պատկերացնո՞ւմ եք։

Պարտադիր ժամկետային ծառայության ընթացքում գուցե մտափոխվեմ, բայց այս պահին նման ծրագրեր չունեմ:

-Ի՞նչ կուզենաք բանակում փոխվեր։

Կուզենայի բանակում սպանությունները հասցվեին նվազագույնի: Պիտի կարգուկանոնը պահպանեն խստապահանջ հրամանատարները՝ միաժամանակ լինելով բարեխիղճ և հարգեն զինվորին:

-Եթե հնարավորություն ունենայիք բանակում չծառայելու, կօգտվեի՞ք։

Օրենքը այդպիսի հնարավորություն չի տալիս, բայց եթե հաջողացնեի ուսումս շարունակել՝ ստանալով տարկետման իրավունք, երևի թե կընտրեի կրթության ճանապարհը:

-Իսկ անօրինական ճանապարհո՞վ։

Սկզբունքորեն դեմ եմ կոռուպցիայի ամեն տեսակ դրսևորման, այդ թվում՝ բանակային ոլորտում:

-Ինչպիսի խորհուրդ են տվել մինչ այժմ, որ հիշում եք ու հետևելու եք բանակում։

Խորհուրդներ բազմիցս լսել եմ: Կարող եմ առանձնացնել այն խորհուրդը, որը ինձ հիշեցնում է ` երբեք չմոռանալ, որ անելանելի վիճակներ չկան, ամեն ինչ լուծելի է` երբեմն հեշտությամբ, երբեմն դժվարությամբ: Չպիտի ընկճվել:

” Բանակային կյանքի մասին ինչ գիտե՞ք ու որտեղից եք իմացե՞լ։

Բանակային կյանքի մասին բազմապիսի դեպքեր ու պատմություններ եմ լսել և՛ ծառայած մարդկանցից, և՛ չծառայածներից: Իրականությունը հորինվածից փորձել եմ զատել:

-Ինչ-որ իրավախորհրդատվության դիմե՞լ եք մինչև բանակ գնալը։

Չեմ օգտվել նման ծառայություններից:

-Կրակել գիտե՞ք։

Ոչ շատ լավ, ոչ շատ վատ:

-Ինչպե՞ս եք Ձեզ պատկերացնում բանակում։

Պատկերացումներս տարբեր են. մերթ թվում է` կարոտին չեմ դիմանա, օրը տարի կթվա, մերթ ` կդիմանամ դժվարություններին ու կոփված դուրս կգամ դրանցից։

-Արդյո՞ք գիտակցում եք, թե ուր եք գնում և ո՞րն է զինվորի առաքելությունը։

Իհարկե, գիտակցում եմ, գնում եմ հաղթական բանակ, բանակ, որ ժառանգորդն է այն տղերքի, ովքեր արյուն ու կյանք տվեցին Հայաստանի ու Արցախի համար ու նրանց ազատագրած ամեն մի թիզ հողի համար պիտի պայքարենք: Զինվորի առաքելությունն էլ ամենակարևորն է բոլոր առաքելություններից։ Հայրենիքի պաշտպանությունն է զինվորի առաքելությունը:Ամեն ինչ սկիզբ է առնում հայրենիքի պաշտպանությունից և ամեն ինչ պիտի արվի հայրենիքի պաշտպանության համար։

IMG_0781 copy

-Ինչպե՞ս է Ձեր ընկերուհին տրամադրված Ձեր ծառայության գնալու որոշմանը։

Շատ է մտահոգվում, հուզվում, բայց հասկանում է, որ այս փորձությունը կարող եմ հաղթահարել նաև իր հավասարակշիռ աջակցության դեպքում: Ինքն ինձ է դրական լիցքեր փոխանցում, ես` իրեն:

-Ի՞նչ խորհուրդ է տալիս։

Ինձ հորդորում է չկորցնել ադեկվատությունը և բանակային կյանքի ընթացքում ծագած խնդիրներին հանգիստ մոտենալ և միշտ հիշել, որ ինձ սպասում է:

-Ում կամ ի՞նչը կկարոտեք ամենաշատը։

Կկարոտեմ մորս, հորս, եղբորս, ընկերուհուս, ընկերներիս, բոլոր նրանց, ովքեր կողքիս են եղել մինչև բանակը և պատրաստվում են այդ շրջանից հետո ևս ինձ զորավիգ լինել:
Կկարոտեմ նաև մեր գյուղը: Պապական գյուղս սասունցիների գյուղերից մեկն է Թալինում` Ներքին Բազմաբերդը: Սասունցի եմ (ժպտում է)։ Երբ ազատ ժամանակ էի ունենում միշտ գնում էի գյուղ:

-Սպորտով զբաղվո՞ւմ եք։

12-ից մինչև 15 տարեկան զբաղվել եմ ձյուդո սպորտաձևով, հետո մոտ վեց ամիս քիք-բոքսինգ մարզաձևով: Հիմա մեկ-մեկ վազում եմ առավոտյան, մեկ-մեկ էլ մարզասրահ եմ հաճախում:

-Առավոտյան քանիսի՞ն եք արթնանում։

Վերջերս արթնանում եմ 12:00-ին մոտ:

-Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում բանակում արթնանալ ժամը 6-ին։

Ինձ թվում է հեշտությամբ կհարմարվեմ այդ ռեժիմին, որովհետև մինչև վերջերս՝ ԵՊՀ-ում ուսումնառության ընթացքում, առավոտյան 7-ին էի արթնանում:

-Մատենադարանում ինչպիսի՞ աշխատանք էիք անում։

Արխիվային փաստաթղթերի պահպանման, գիտական մշակման և թվայնացման բաժնում եմ աշխատում: Բացի այդ Մատենադարանում անցկացվող միջազգային սեմինարների կազմակերպչական աշխատանքներում եմ ընգրկված։

-Ինչպիսի՞ն եք պատկերացնում Ձեզ 2 տարի անց։

Ավելի հասուն, խորաթափանց, տղամարդ դարձած:

-Երբ ծառայությունն ավարտեք, ինչո՞վ եք ուզում զբաղվել։

Ծառայությունս ավարտելուն պես մագիստրատուրայում կշարունակեմ կրթությունս, գիտությամբ կզբաղվեմ, իսկ հետո արդեն հանգամանքները կթելադրեն, հատկապես որ ոլորտում կիրառեմ հմտություններս:

Նկարները՝ Արամ Թորոսյանի անձնական արխիվից

One response to “Զինվորի առաքելությունն ամենակարևորն է. Արամ Թորոսյան

  1. Pingback: Պատերազմի վերսկսումը հեռավոր ապագայում չէ, և ես մասնակցելու եմ դրան. Ռազմինֆոն զրուցել է իր հեղինակային շարքի հերոսի հետ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *