Հունիսի 7-ին Ադրբեջանում՝ Գանձակում, ևս մի զինվորի հուղարկավորության արարողություն էր։
«Ազադլըք» ռադիոկայանը հաղորդում է, որ մեկ տարի առաջ զորակոչված Միրգասիմ Ռուսթամովը զոհվել է հունիսի 5-ին ոչ մարտական պայմաններում՝ Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկում։
Զոհված զինծառայողի մայրը՝ Սելմինազ Ռուսթամովան, հայտարարել է՝ չի հավատում պաշտոնական վարկածին, իր որդուն կրակել են թիկունքից, ամբողջ մարմինը վերքեր են ու կապտուկներ։ Ռուսթամովան լրագրողներին հավաստիացրել է, որ տղայի մահվանից մեկ օր առաջ հեռախոսով խոսել է նրա հետ, երկու ամիս առաջ որդին կդառնար 20 տարեկան։
Նշենք, որ զինվորի հայրը հրաժարվել է մեկնաբանություններից, միայն ասել է. «Մենք չունենք ո´չ կառավարություն, ո´չ հայրենիք»։
Բոլոր այն մարդիկ, ովքեր տեսել են դին, միաձայն հարց են ուղղում ՊՆ-ին ու զինդատախազությանը՝ ինչու՞ թիկունքի վնասվածքից բացի՝ Ռուսթամովի ամբողջ մարմինը կապտուկներ ու վերքեր էին, բազմիցս ծեծի ու բռնության ենթարկվելու նշաններ։
Զոհվածի հարազատներից մեկը՝ Թամելլա Սամեդովան, խոստովանել է, որ ՊՆ-ն ոչ մի տրամաբանական պատասխան չի տալիս. «Մի անգամ ասում են՝ կրակել են, մյուս անգամ՝ երկու հոգի են կրակել, ասել են նաև՝ միգուցե ծեծել են»։
ՊՆ մամուլի փոխխոսնակ Թեյմուր Աբդուլաևը հայտարարել է՝ զինվորը մահացել է ծառայակցի կողմից ստացած կրակոցի արդյունքում, հրաժարվել է մանրամասնել հաղորդել՝ կոչ անելով սպասել հետաքննության ավարտին, ապա հարցերն ուղղել զինդատախազությանը։
Հիշեցնենք, որ զոհված զինվորն Ադրբեջանի ըմբշամարտի չեմպիոն էր։