«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգեբարձուների խորհրդի այսօրվա նիստի ընթացքում քննարկվեց 2015 և 2016 թվականներին զինհաշմանդամ դարձած կամ զոհված զինծառայողներին հիմնադրամի շահառու ճանաչելու հարցը։
Այսպիսով՝ նախատեսվում է, որ հիմնադրամի շահառու կդառնան 2015-2016 թվականին 156 զոհվածի ընտանիք և 27 զինհաշմանդամ։ Թիվը հնարավոր է փոխվի։ Շուրջ 180 շահառուների թվում կան նաև կամավորականներ, հայտնեց նախարար Դավիթ Տոնոյանը։
Այս ընտանիքները, սակայն, հիմնադրամից կստանան միայն ամսական հատուցումները, ոչ միանվագ գումարը։ Եթե շահառուն ունի 3 և ավելի անչափահասակ զավակ, ապա նրան կվճարվի նաև ամսական լրացուցիչ 100 հազար դրամ։
2015 թվականին ծագած դեպքերի մասով հիմնադրամը իր վրա է վերցնում տարեկան 93 մլն դրամի պարտավորություն, իսկ 2016 թվականի համար տարեկան 206 մլն դրամի, իսկ 20 տարվա կտրվածքով՝ 6 մլրդ դրամի։ Վճարումները կսկսեն ամենաուշը աշնանից։
Եթե զինծառայողի ընտանիքը նաև ստանում է ամսական պետական աջակցություն, ապա նրան հիմնադրամը կվճարի տարբերությունը։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը բացատրում է, որ օրինակ, եթե հիմնադրամի շահառուն զոհված սպայի ընտանիքն է, որը ստանում է ամսական 60,000 դրամ, հիմնադրամով նախատեսված 300,000 ՀՀ դրամի փոխարեն նրան կտրամադրվի 240,000 դրամի չափով ամսական հատուցում: Տնօրենի խոսքով՝ իրենց խնդիրն այն է, որ 2017 թվականից և 2017 թվականից շուտ ծագած դեպքերի համար ամսական հատուցումները լինեն հավասար։
Հիմնադրամը հույս ունի հետագայում բավարար ֆինանսական կայունության դեպքում շահառու դարձնել նաև ավելի վաղ զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին։ Նախարարը խոսեց, որ թեև այս մասին վաղ է խոսելը, սակայն հույս ունեն, որ կգա մի օր, երբ հատուցում կստանան ծառայության ընթացքում վնասված բոլոր անձիք։
Խորհրդի նիստին քննարկվեց և ընդունվեց նաև մեկ այլ որոշում։ Շատ հաճախ հաշմանդամներին հաշմանդամության կարգ տրվում է որոշակի ժամկետով, սահմանվում է նոր փորձաքննության ժամկետ։ Եվ եթե հիմնադրամը ժամկետի ավարտից հետո դեռ տեղեկատվություն չի ստացել՝ պահպանում, թե փոխվում է հաշմանդամության կարգը, ժամանակավորապես կասեցվում է հիմնադրամից գումարների փոխանցումը։ Երբ ստացվում է համապատասխան տեղեկատվություն և վճարումները շարունակելու որոշում է կայացվում, վճարվում է նաև կասեցված ժամանակահատվածի գումարը։
Այս պահի դրությամբ այս հիմնադրամից գումար են ստացել 44 զոհված զինծառայողի ընտանիք և 16 վիրավորված (հաշմանդամ) զինծառայող:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը («1000 դրամների» հիմնադրամը սկսել է գործել 2017-ի հունվարից։ Այս տարվա հունիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել էր՝ հիմնադրամը շարունակելու է գործել։ Իսկ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարծում է՝ հիմնդարամը դեռ պետք է շարունակի մեծանալ։
Թեև հիմնադրամի հատուցումները տարածվում էին 2017-ից եղած դեպքերի վրա, այն ժամանակ նախարար Վիգեն Սարգսյանը հայտնել էր, որ հնարավարության դեպքում հատուցում կստանան նաև 2016-ի դեկտեմբերի 29-ին զոհված զինծառայողները, ապա նաև ավելի վաղ տուժած զինծառայողները: 2016 թվականի դեկտեմբերի 29-ին զոհված զինծառայողները մարտին ստացել են միանվագ գումարը և շարունակում են ստանալ ամսական գումարները։
Հիմնադրամը նախատեսված է ՀՀ պաշտպանությանը և մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև կամավորների ընտանիքներին միանվագ և ամսական գումարներ վճարելու համար: