Հիմնադրամը բացառության կարգով շահառու է ճանաչել 2016-ի դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիայի ժամանակ զոհված երեք զինծառայողի ընտանիքի և 2016-ի դեկտեմբերի 30-ին հակառակորդի կողմից վիրավորված և ավելի ուշ մահացած զինծառայողի: Այս մասին հայտնում է հիմնադրամի կայքը:
Այս զինծառայողների ընտանիքներին հիմնադրամով նախատեսված միանվագ 10 մլն դրամը վճարել է պաշտպանության նախարարությունը, հիմնադրամը վճարելու է 20 տարվա ընթացքում ամսական գումարները:
ՊԲ զինծառայող Գարիկ Վարդանյանը հակառակորդի կրակոցից վիրավորվել է 2016-ի վերջին, մահացել հունվարի 15-ին հոսպիտալում:
Իսկ զինծառայողներ ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը զոհվել են դեկտեմբերի 29-ին ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում:
Հիմնադրամը պարտավորվում է ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանի ընտանիքին 20 տարվա ընթացքում վճարել ամսական 300 000 ՀՀ դրամ, իսկ շարքային զինծառայողներ Էդգար Նարայանի, Էրիկ Աբովյանի եւ Գարիկ Վարդանյանի ընտանիքներին 20 տարվա ընթացքում վճարել ամսական 200 000-ական ՀՀ դրամ:
Հիմնադրամից գումար են ստանալու նաև Հայկ Ռազմիկի Քալանթարյանի և Գրիգոր Կարապետի Եղոյանի ընտանիքները: Նրանց փոխանցվելու է միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 հազար ՀՀ դրամ:
Զինծառայող Հայկ Քալանթարյանը զոհվել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից:
ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը զոհվել է փետրվարի 22-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակոցից:
Հիմնադրամը սկսել է գործել 2017-ի հունվարից և տարածվում է 2017-ին եղած դեպքերի վրա: Սակայն նախարարը հայտնել էր, որ հնարավարության դեպքում հատուցում կստանան նաև դեկտեմբերի 29-ին զոհված զինծառայողները: