Երեկ Մերգելյանի անվ. ինստիտուտում անցկացվող՝ ՏՏ ոլորտում մասնագիտացող զորակոչիկների մրցույթի երկրորդ օրն էր։ Ծրագրավորում, կիբեռանվտանգություն, ցանցային/համակարգային ադմինիստրացիա մասնագիտացումներով զորակոչիկները մրցում էին՝ ՀՀ ՊՆ արդի տեխնոլոգիաների խմբում ծառայելու իրավունք ստանալու համար:
Մրցույթն անցկավում է արդեն 4-րդ տարին, հանձնաժողովի անդամներ ITSecurity LLC ընկերության տնօրեն Արմեն Գնունին և Unicomp ընկերության համակարգային ինտեգրման բաժնի ղեկավար Խորեն Մանուկյանը վստահեցնում են, որ այս զորակոչին ամենամեծ թվով դիմորդներն են եղել․ ավելի քան 200 երիտասարդ է դիմել։
«Հիշում եմ ամենասկզբից, երբ ծրագրի գաղափարը նոր էր, կասկածներ կային, քննարկումներ՝ պետք է, պետք չի, մի բան կստացվի, թե չէ։ Հիմա տեսնում ենք, որ անցած տարվա համեմատ մոտավորապես կրկնապատկվել է, թե քանակապես, թե որակապես», — ասում է Խորեն Մանուկյանը։
Ծրագիրը նպաստում է, որ մարդիկ ինքնազարգացմամբ զբաղվեն
«Պրոգրեսը զգում ենք, այն երեխաները, որոնք տեսնում են, որ իրենց ընկերը, գիտելիք ունենալով, անցավ քննությունը ու ՊՆ-ում բավականին լավ պայմաններում ծառայում է, բացի այդ էլ զարգանում է ու նոր բաներ սովորում, բնականաբար իր մոտ էլ է առաջանում ցանկություն ու ձգտում, ինքն էլ փորձում է այնպես անել, որ հասնի դրան։ Կոպիտ ասած սա բերում է ազգի ինչ-որ մասի զարգացմանը, նպաստում է, որ մարդիկ ինքնազարգացմամբ զբաղվեն, սովորեն ինչ-որ նոր բաներ՝ գիտակցելով, որ վաղը դա իրենց պետք է գալու ինչ-որ լուրջ տեղում օգտագործելու համար», – նշում է Արմեն Գնունին:
Ինչքան «թույն մասնագետ», Այդքան համալրում կիբերզորքերում
Մասնագետներն ասում են, որ ստորաբաժանումը համալրող զորակոչիկների կոնկրետ թվի սահմանափակում չկա: Արմեն Գնունու խոսքով՝ եթե C կատեգորիայով 50 հոգի «թույն մասնագետ» լինի, ուղղակի գրկաբաց կընդունեն՝ ուրախ լինելով այդ քանակով այդպիսի մասնագետներ հավաքելու համար: Սակայն առհասարակ թիվը հիմնականում մոտենում է 10-15-ի՝ բոլոր մասնագիտացումները միասին:
Երկրորդ փուլի վերջում զորակոչիկներին դասակարգում են B և C կատեգորիաների։ C-ով երիտասարդները զորակոչվում են արդի տեխնոլոգիաների խմբում ծառայելու, իսկ B-ով անցածներին հնարավորություն են տալիս ծառայել ՀՕՊ, հրետանու կամ կապի զորքերի ուսումնամարզական զորամասերում։
«Ստացվում է, որ մենք նաև աջակցում ենք համալրող անձնակազմին, որ մեզ մոտ քննություն անցածները, ովքեր խելացի են, «զրո« չեն, բայց չեն հասցնում նախարարությունում ծառայելու համար, հնարավորություն ենք տալիս, որ գնան իրենց գիտելիքները՝ տեղին օգտագործեն», – հայտնում է Գնունին:
Կարևոր է թե՛ աշխատանքային փորձը, թե՛ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ
«Կիբերզորքերում» ծառայելու համար քաղաքացիական կյանքում աշխատանքային փորձը ցանկալի է․ «Եթե մարդը ինչ-որ լուրջ ընկերությունում աշխատել է որպես senior developer, բնականաբար ունի ավելի լուրջ գիտելիքներ, իրեն ավելի խորն են քննում։ Այնպես չէ, որ եթե ռեզյումեի մեջ գրված է, որ «Իքս» ընկերությունում որպես առաջատար մասնագետ է աշխատել ամսական 700 հազար դրամ աշխատավարձով, վերջ, դու անցար»։
Գնահատվում է նաև պոտենցիալը։ Եթե զգում ենք կա երեխա, որ չգիտի իդեալական, բայց հարց ես տալիս, տրամաբանելով պատասխանում է ճիշտ, ժամանակ է լինում, որ չենք հիմնվում միայն պրակտիկայի վրա՝ հասկանալով, որ այս մարդը, եթե գիրքը կարդա 5 րոպեում, որոշ այլ պատասխանողից էլ ավելի շատ կիմանա, որովհետև կա տրամաբանություն և նա տրամաբանությամբ ավելի հեշտ է պատասխանում այդ հարցին, քան այն մարդը, որը պրակտիկայով, բզբզելով է հասել է դրան։», — վստահեցնում է ITSecurity LLC ընկերության տնօրեն։
Հանձնաժողովի անդամների 80 տոկոսը՝ մասնավոր սեկտորից, 10+ տոկոսը՝ ՊՆ-ից զինվորներ
Unicomp ընկերությունից Խորեն Մանուկյանի կարծիքով՝ այս ծրագրով նաև բանակի իմիջն է փոխվում դրական առումով: Ասում է, որ երեկ մի քանի ծնող արտահայտվել են, որ տպավորված են․ «Իրենք սպասում են, որ բանակ գնալու քննությանը հատուկ այնպիսի հարցեր են տալու, որ երեխեքը կտրվեն, չանցնեն: Տեսնում են, որ հանձնաժողովի անդամներն էլ են լավ տրամադրված, ընդհանուր մի նպատակ կա․ որակյալ կադրերը գնան բանակում համապատասխան N ուղղությամբ ծառայեն, որով կարող են ամենաշատ օգուտը բերել պետությանը»:
«Երբ տարբեր ընկերություններից մասնագետներ են գալիս հավաքվում քննություն վերցնելու, այնպես չէ, որ միայն նախարարության անձնակազմն է, հասկանում են, որ արդար է, այնպես չի, որ նախարարությունից 5 հոգի եկել նստել են ու որոշում են՝ ում անցկացնեն, ում չանցկացնեն։ Հանձնաժողովի կազմի մեծ մասը մասնավոր սեկտորից են՝ 80 տոկոսը, 10-20 տոկոսը՝ նախարարությունից, այն էլ զինվորներ են, ոչ թե սպայական անձնակազմից», — հավելում է Գնունին։
Հանձնաժողովի անդամները՝ կիբերստորաբաժանման զինծառայողներ
Հանձնաժողովում ներգրավված են նաև նախկին զորակոչիկներից այս մրցույթով անցած զինծառայողները, որոնք ծառայում են արդեն մեկ – երկու տարի: Մասնագետները բացատրում են․ «Հիմնական իմաստն այն է, որ քննություն հանձնելու եկածներն առաջին հերթին տեսնում են, որ իրենց պես քննությունն անցած մարդիկ կան, երկրորդը արդարության մասն էլ է հաստատվում, դժվար ինչ-որ մեկը զինվորին կաշառի կամ դժվար զինվորը ապագա զինվորին փորձի դիտավորյալ վատ գնահատի, իրենց տարիքային առումով ավելի հեշտ են շփվում, մասնագիտականով էլ, այդ զինվորները բավականին լուրջ մասնագետներ են, որպես լուրջ մասնագետ եկել են ու զարգանում են»։
Մրցույթին դիմել են նաև մարզերից էլ բավական թվով մարդիկ: Այն անցկացվում է միայն Երևանում: Ըստ Գնունու բոլոր մարզերում առանձին-առանձին քննություն անցկացնելը նպատակահարմար չէր, կարող էր մի մարզից ընդամենը 2 հոգի դիմեին:
Կիբերստորաբաժանումը՝ մի շարք մրցույթների հաղթող
«Օրինակ «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը միշտ IT անվտանգության թեմաներով միջոցառումներ է կազմակերպում։ Սցենարներն այսպիսին են. օրինակ՝ դու բանկի IT անվտանգության պատասխանատուն ես, բանկի վրա լինում են կիբերհարձակումներ, վիրուս են ուղարկում, համակարգեր են փորձում կոտրել․․․ Ունես քարտեր, ամեն մի քարտը մի կոնկրետ ֆունկցիա է: Ասենք՝ ամբողջ համակարգի պահեստային տարբերակ ստեղծել, անջատել բանկոմատների ցանցը, անտիվիրուս տեղադրել, կատարել թարմացումները ցանցի մի հատվածում։ Դու պետք է ճիշտ քայլերի հերթականությամբ արդյունքի հասնես, մի անգամ առաջին տեղ են գրավել, մի անգամ 3-րդ:
Ընդ որում մեր տղաները մրցում են, օրինակ, բանկերի ու պետական կառույցների աշխատակիցների հետ, որոնց «Կասպերսկի Լաբորատորիան» պարբերբար մարզում է, իրենց մոտ այդ համակարգերը դրված են, իրենք դրանցով աշխատում են, ավելի փորձառու են։ Նաև հաշվի առնենք, որ ամեն նոր կազմակերպվող միջոցառմանը մեր զինվորների մի մասը արդեն զորացրված է լինում, գալիս են նորերը, ովքեր շատ բան դեռ նոր պիտի սովորեն», — պատմում է Ա. Գնունին:
ծառայությունն էլ Է աշխատանքային փորձ
Շարքային Բագրատ Գալստյանը զորակոչվել է 2016 թ. ամռանը։ Մասնակցում է մրցույթի կազմակերպչական աշխատանքներին։ Զորացրվում է 10 օրից, ընդունվել է Պոլիտեխնիկի աշխատանքային անվտանգության բաժին, ասում է՝ ծառայությունն էլ է իր համար աշխատանքային փորձ:
Պատմում է, որ նախիկինում մի քիչ այլ էր մրցույթը, հիմա նոր համակարգ է մշակված, նոր ձևով է անցնում․ «Մեր ժամանակ քննությունը երեք օր էր տևում, ամեն փուլի համար մեկ օր էր: Հիմա երկու օր է ընդհանուր: Ոնց որ հիմա են գնում, նստում հանձնաժողովի մոտ, նույն ձև էլ մեր ժամանակ, մարդիկ ժամերով քննում էին մեզ, հարցեր էին տալիս, որոնք երբեք մտքովդ չէին անցնի, բայց եթե մի հարցի չէիր կարողանում պատասխանել, քեզ հետագայում օգնում էր, որ դու ինքդ քեզ վրա աշխատես։
զինվորին վստահում են, կարող է համազգեստից է
Հիմա մեր տղաները քննություն են անցկացնում, ես կազմակերպչական մասով եմ։ Ինձ համար տարբերություն չկա զինվոր կվերցներ ինձնից հարցազրույցը, թե «Իքս» ընկերության մասնագետ, բայց մարդիկ կան, որոնք կարող են լարվածություն զգալ։ Զինվորին վստահում են կարծես, կարող է համազգեստից լինել, իրենց նման այդ քննությունն անցած մարդիկ են, էլի:
Աշխատանքային փորձ չեմ ունեցել, համալսարանում էլ չեմ սովորել, ինքնուս եմ եղել, տարբեր տեղերից սովորում էի, ինքս ինձ համար էի աշխատում: Ցանկացած պրակտիկա բերում է մասնագիտական աճի, եթե մարդ երկար ժամանակ աշխատում է կոնրետ մեր ոլորտում, մասնագիտորեն բնականաբար աճում է, ծառայությունը մեզ աշխատանքային փորձ է:
Տարկետման կարգի փոխոխությունից հետո մրցակցությունն աճել է
Տարկետման իրավունքի փոփոխության առումով մագիստրատուրա, ասպիրանտուրա դիմորդներն են գալիս։
Մրցակցությունն աճել է։ Պատկերացրեք մարդ, որն ամբողջ կյանքում զբաղվում է [այս ոլորտով] ու գալիս է քեզ հետ նույն մրցույթին: Եթե 5 տարի առաջ ինձ համար նորմալ էր, որ ես սայթում կարող էի անհայտ խոցելիություն գտնել, հիմա այդ խոցելությունը փակել են ու նորանոր խոցելիություններ են առաջացել, այսինքն գիտելիքի բազան ավելի մեծացել է, հինգ տարի առաջ ավելի քիչ էր։
Առաջ հավաքակայանում էին ասում՝ անցել ես, թե չէ․ դաժան էր
«Մենք եկել էինք քննության մասնակցելու, ոչ ոք չգիտեր՝ քննությունն անցել է, թե չէ։ Մինչև վերջին պահը՝ «սբոռնիյ պունկտ» մտնելը, չեմ իմացել: Ահագին դաժան էր»:
Մանուկյան Հայկն է, մագիստրոս է, մրցույթի մասնակից,տվյալների բազայի ծրագրավորող և ադմինիստրատոր, 1.5 տարի աշխատել է Ucom ընկերությունում, անցել և տվել է երկրորդ փուլի քննությունը։ Սպասում է արդյունքներին։
ընտիր պրակտիկա է միանգամից այսքան մարդու մոտ հարցազրույց անցնելը
«Շատ լավ էր, ադրենալինով լի էր, ցանկացած մարդ, ով ուզում է ինչ-որ տեղ գործի ընդունվի, ընտիր պրակտիկա է միանգամից այսքան մարդու մոտ հարցազրույց անցնելը։ Այնպես չի՝ ոլորտում անհայտ մարդիկ են, բոլորն էլ հայտնի ուժեղ սպեցիալիստներ են, շատ հետաքրքիր մարդկանց հետ ես ծանոթանում, անգամ զարմացա, որ Հայաստանում storage admin կա: Շատ մեծ փորձ է իրականում նույնիսկ միայն առաջին փուլին մասնակցելը։
َԱշխատանքային փորձ ունեմ, 1,5 տարի աշխատել եմ Ucom-ում, մագիստրատուրա ավարտած եմ, սա առավելություն չէ, այլ ավելի շատ փորձ: Ավելի ջահել ժողովուրդը մի քիչ ուրիշ ձև է մոտենում (ժպտում է) : Զգացել եմ: Օգտակար է երբ հարցազրույցի փորձ ես ունեցած լինում։», — պատմում է Հայկը։
— Ե՞րբ որոշեցիր գաս [մրցույթին]։
— Երբ ասացին, որ տարկետում չեմ ստացել։
— Ե՞րբ ասացին, որ հանում են տարկետումը։
— Հահ: (ծիծաղում է): Չէ, իրականում շուտ էի որոշել, երբ հանեցին էլ, որոշեցի՝ գամ դիմեմ, գիտեք՝ ես հավատում եմ, որ ամեն մարդ պետք է ծառայի իր հայրենիքին նրանով ինչով ինքը կարող է, իհարկե սահմանին զենք բռնելը շատ կարևոր է, բայց միայն այդ տարբերակը չի: Դեռ ուսման տարիներից դա ես ընդունել եմ, այն ժամանակվանից դեռ ինչ-որ բաներ անում էի դրա համար, միշտ էլ ծառայությունը այլ կերպ եմ պատկերացրել:
Հարցազրուցավար զինվորները հստակ գիտեն՝ ինչի հետ պետք է դու աշխատես այնտեղ
Հայկն ասում է, որ երբ ծառայող զինվորներն են հարցազրույցը վերցնում, նրանք հստակ գիտեն ինչի հետ պետք է աշխատեն․ «Քաղաքացիականները ամեն ինչն են գնահատում, իսկ հարցերը, որոնք զինվորներն են տալիս, հուշում են, թե ինչ է իրենց պետք, դրա համար զինվորները այս պարագայում կարող են ավելի լավ տարանջատել, հնարավոր է դու ունենաս լավ գիտելիքներ, բայց եթե դրանք քեզ այնտեղ օգուտ չեն տալու…
Տվյալների բազայի ծրագրավորող և ադմինիստրատոր եմ, իմ մասնագիտությամբ չկար, բայց ես ընթացքում սովորում էի, երևի արդեն քանի ամիս կլինի, դեռ անցած տարվանից ինքնուրույն պարապում էի, որովհետև գիտեի, որ մենակ դրանով չի հերիքի, հատկապես պատրաստվել եմ երբ հրապարակեցին՝ ինչ ոլորտներ կան, ամենակարևոր ուսման պարապմունքը սկսում է այդ ժամանակ, մինչ այդ ձգտում ես ամեն ինչից գաղափար ունենալուն, երբ հրապարակում են հստակ ինչ է պետք , արդեն կարող ես տեսնել՝ որն է հարազատ, որի մեջ ես քեզ ամենաշատը տեսնում ու կարևոր է, որ այդ մի ամիսը չկորցնես, ինչքան կարող ես քաղես»։
One response to “Արդի տեխնոլոգիաների խմբում ծառայելու համար դիմել է ավելի քան 200 զորակոչիկ․ թիվն աննախադեպ է”