Վարժանքներ. բանակը ետ է մղել պայմանական «թշնամուն» և հակագրոհով զբաղեցրել ավելի նպաստավոր բնագծեր

Հունիսի 18-ից 22-ը Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում անցկացվել է երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն,  որի ընթացքում հրամանատարների կայացրած որոշումները իրագործվել են զորամասերից մեկի հետ գումարտակային մարտավարական վարժանքների ընթացքում: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Վարժանքները մեկնարկել են պայմանական հակառակորդի հանկարծակի հարձակումով: Հայկական կողմին հաջողվել է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը, վարել պաշտպանողական մարտ, այնուհետև անցնել հակագրոհի և, զբաղեցնելով առավել նպաստավոր բնագծեր, վերականգնել կորցրած դրությունը:

Պայմանական մարտադաշտում հակառակորդը կիրառում էր ավիացիա և հրթիռահրետանային միջոցներ, հրանետանային համակարգեր, հերթապահ ուժերից բացի նաև դիվերսիոն-հետախուզական և դեսանտային խմբեր: Վերջիններիս հակազդելու համար բանակի ստորաբաժանումները կիրառել են մի շարք նոր զինատեսակներ և տեխնիկական միջոցներ, որոնք ապահովել են ակնկալվող դրական արդյունքները:

Վարժանքներին հետևել և ցուցումներ է տվել ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ով բացի ղեկավարման կետերում հրամկազմի գործողությունները վերահսկելուց, եղել է նաև կրակային դիրքերում և տեղում ստուգել պայմանական մարտադաշտում, ըստ մարտակարգերի, տեղակայված ստորաբաժանումների համապատասխանությունը ներկայացվող պահանջներին:

Լևոն Մնացականյան. ՊԲ զորավարժություն 23.06.18

Լևոն Մնացականյան. ՊԲ զորավարժություն

Նախքան պայմանական մարտական գործողություններին անցնելը, միավորման հրամանատարը ներկայացրել է ստեղծված պայմանական մարտական իրադրությունը, զեկուցել իրականացված միջոցառումների և ընդունված որոշումների մասին, կատարել տեղագրական ու մարտավարական կողմնորոշում:

Նշվում է, որ զորախաղերի ժամանակ ստեղծված պայմանական իրադրությունը ոչ միայն առավելագույնս մոտեցված էր մարտական պայմաններին, այլև համապատասխանում էր մասնակից զորամասերի և ստորաբաժանումների իրական խնդիրներին:

Զորավարժության ավարտին իմի են բերվել արդյունքները, վերլուծվել և ընդհանրացվել իրականացված բոլոր միջոցառումները և ըստ այդմ մասնակից հրամանատարներին, շտաբներին ու զորային մյուս կառույցներին առաջադրվել խնդիրներ` հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *