Թուրքիան ստացավ 1-ին F-35 կործանիչը, այն մոտ 2 տարի կմնա ԱՄՆ-ում

«Հյուրիեթ» լրատվակայքը հայտնում է, որ Պենտագոնը Թուրքիային հանձնել է առաջին միավոր F-35 կործանիչը, թեև Միացյալ Նահանգների Սենատը քննարկում է Թուրքիային կործանիչների վաճառքը արգելափակելու հարցը:  Նշենք, որ այս կործանիչը շուրջ երկու տարի մնալու է ԱՄՆ-ում՝ թուրք օդաչուներին մարզելու համար: 

Նշենք, որ մայիսի 25-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել էր օրինագիծը, որով պաշտպանության դեպարտամենտին արգելվում է Թուրքիային վաճառել ծանր սպառազինություն, այդ թվում՝ F-35 կործանիչներ, մինչև Պենտագոնը չներկայացնի Թուրքիայի կողմից S-400-ների գնման, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ զեկույց-գնահատական:

Զեկույցը պետք է ներկայացվեր օրինագծի ընդունումից հետո առավելագույնը 60 օր ժամկետում: Մինչև տվյալ զեկույցի ներկայացումը և քննարկումը Պենտագոնին արգելվում էր Թուրքիային վաճառել կործանիչներ:

Այս օրինագծի ընդունումից երկու օր առաջ՝ մայիսի 23-ին, օդում փորձարկվել էր Թուրքիայի համար նախատեսված F-35 կործանիչը:  Թուրքիական լրատվակայքերն էլ հայտնում էին, որ մինչև հունիսի 21-ը կներկայացվի առաջին նմուշը:

Ըստ նախնական տվյալների՝ Թուրքիան նշված ռազմական ինքնաթիռները (100 միավոր) պետք է ստանար 2019 թվականից սկսած:

Նշենք, որ Թուրքիան մասնակցում է նաև F-35A կործանիչների արտադրությանը: 2014-ի հունիսին Թուրքիայի Իզմիր (Զմյուռնիա) նահանգում բացվել է ամերիկյան Pratt & Whitney և թուրքական Kale ընկերությունների համատեղ գործարանը, որը նախատեսված է հինգերորդ սերնդի F-35 կործանիչի համար  F135 շարժիչի մասերի արտադրության համար:

F-35-ը նախագծվել է ամերիկյան Lockheed Martin ընկերության կողմից: Բացի բազային՝ F-35A տարբերակից, ԱՄՆ ծովային հետևակի համար նախագծվել է նաև F-35B տարբերակը՝ ուղղահայաց վայրէջքի և կարճ տարածությունից մեկնարկային թռիչքի հնարավորությամբ, իսկ ԱՄՆ ՌԾՈւ-ի համար նախագծվել է F-35C տարբերակը, որը նախատեսված է ավիակրից թռիչքների համար:

Կործանիչն առաջին թռիչքը կատարել է 2006-ին։ Առավելագույն արագությունը 1930 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 2200 կմ։ Զինված է 25 մմ ավտոմատ թնդանոթով, ունի սպառազինության 6 արտաքին և 2 ներքին կախոց։ Կարող է կրել «օդ-օդ», «օդ-մակերևույթ» և հականավային հրթիռներ, տարատեսակ ռումբեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *