Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է «Ուկրաինա-ՆԱՏՕ համագործակցության ազգային տարեկան ծրագրերի մասին» հրամանագիր։ Այն կփոխարինի 2009թ. ստորագրված «Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցմանը պատրաստության տարեկան ազգային ծրագիրը»։
Փոփոխությունը կապված է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու, սակայն դաշինքին չանդամակցելու որոշման հետ։ Ընթացիկ տարվա ապրիլի 26-ին Կիևում ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի պաշտպանության նախարարն ասել է, որ իրենք պատրաստ են զարգացնելու համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ ցանկացած հարցում, բայց՝ դաշինքից դուրս շրջանակներում։
2013թ. փետրվարի 23-ին Ուկրաինան առաջարկ էր ստացել ՆԱՏՕ-ից՝ խաղաղապահ առաքելությունն ընդլայնելու, իսկ դեռևս փետրվարի 7-ին Ուկրաինան առաջարկել էր իր տարածքն օգտագործել՝ Աֆղանստանից դաշինքի երկրների խաղաղապահներին դուրս բերելու համար։
Հավելենք նաև, որ Ուկրաինայի 28-հոգանոց ջոկատը խաղաղապահ առաքելություն էր իրականացնում Աֆղանստանում։ Ջոկատում մեծ մասը ռազմական բժիշկներ են և ինժեներներ։ Մինչև 2014 թվականը նրանք պետք է դուրս բերվեն Աֆղանստանից։