Ադրբեջանցի պատգամավորը մեղադրում է երկրի ՊՆ-ին դավաճանության համար

Այսօր Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նիստի ժամանակ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Միացյալ ազգային ճակատ» կուսակցության պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևը խստորեն քննադատել է երկրի պաշտպանության նախարարությանը։

Պատգամավորը շեշտել է, որ «բանակում ազգային կադրերի անհրաժեշտություն և պակաս կա», և հավելել, որ ՊՆ ներկայիս կադրային քաղաքականությունը լուրջ թերություններ ունի։

ԱՀ Միլլի Մեջլիսի պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիև

ԱՀ Միլլի Մեջլիսի պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիև

Համաձայն ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների՝ Հասանգուլիևը ՊՆ աշխատակիցների մի մասին բնորոշել է՝ որպես «դավաճաններ», սակայն ԶԼՄ-ները չեն նշվում այդ անձանց անունները։

«Ժամանակին նրանք, ովքեր ՊՆ-ում բարձր պաշտոններ էին զբաղեցնում, չկանգնեցին իրենց Գերագույն գլխավոր հրամանատարի կողքին, ինչն էլ ցավալի արդյունքների հանգեցրեց։ Ուստի ես համոզված չեմ, որ այդ մարդիկ նույն դավաճանությանը չեն գնա հիմա, եթե հարմար առիթ լինի», — հայտարարել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտին իր հարցազրույցներում Հասանգուլիևը կոչ էր արել քրեական գործ հարուցել Ադրբեջանի հանրապետության առաջին նախագահ Այազ Մութալիբովի դեմ, երբ վերջինս իր անհամաձայնությունն էր արտահայտել Խոջալուի դեպքերի վերաբերյալ ադրբեջանական պաշտոնական վարկածի վերաբերյալ։

Հավելենք նաև, որ Հասանգուլիևը պարբերաբար անդրադարձել է ԶՈւ խնդիրներին. 2012-ի հունիսին պատգամավորն ասել է, որ Ադրբեջանի բանակում զինվորների պատրաստվածության աստիճանը ցածր է։

Ելույթի վերջում «ընդդիմադիր» պատգամավորը Գերագույն գլխավոր հրամանատարին՝ նախագահ Իլհամ Ալիևին սատարելու կոչ է արել։ Պատճառը հայտնի է. Ադրբեջանի Միլլի Մեջլիսում կան կեղծ ընդդիմադիրներ, որոնք արհեստականորեն ակտիվանում են կարևոր օրինագծերի քննարկման ժամանակ, քննադատում են կառավարությանը, բայց իրենց ելույթներն ավարտում են Ալիևին գովելով։ Ադրբեջանական «Մոնիթոր» պարբերականում այդ տիպի «ընդդիմադիր» պատգամավորների շարքում հիշատակվել է նաև Հասանգուլիևի անունը։ (Նշենք, որ «Մոնիթորի» հրապարակումը դադարեցվել է 2005 թվականին, գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովին սպանությունից հետո։ Սպանությունն, ի դեպ, այդպես էլ չի բացահայտվել։)

Առայժմ պարզ չէ, թե որն է «ընդդիմադիրի» ակտիվանալու պատճառը, բայց կարելի է ենթադրել, որ ՊՆ-ում «ազգային կադրերի» հարցը շոշափելը կարող է ուղղված լինել պաշտպանության նախարար՝ ազգությամբ լեզգի Սաֆար Աբիևին կամ ԳՇ պետին, նույնպես լեզգի Նաջմեդին Սադիխովին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *