Հաճույքով կծառայեի Արցախում. Տիգրան Մատինյան

Զորակոչի մեկնարկի հետ Ռազմինֆոն ներկայացնում է նոր հեղինակային շարք՝ հարցազրույցներ զորակոչիկների հետ։ Այսօրվա զրուցակիցն է վանաձորցի Տիգրան Մատինյանը։

Տիգրան Մատինյան

Տիգրան Մատինյան

Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Մասնագիտությամբ տնտեսագետ-կառավարիչ է։ Զորակոչվում է բանակ հուլիսին։

— Ինչպիսի՞ն է բանակը Ձեր պատկերացմամբ։

Կարծում եմ՝ բանակը, չնայած բազմաթիվ թերություններին, ՀՀ ամենակայացած կառույցներից մեկն է: Հուսով եմ ժամանակի ընթացքում թերություններն էլ քիչ թե շատ կհարթվեն:

Եթե մի փոքր հումորով մոտենամ հարցին, ապա տխուր կլինի երկու տարի ապրել՝ շրջապատված տղամարդկանցով … կանացի գեղեցկությունից հեռու: Պատահական չէ, որ ասում եմ «տղամարդկանցով», որովհետև վստահ եմ՝ բանակում այլևս ոչ թե տղաներ են, այլ տղամարդիկ:

— Ի՞նչ ակնկալիքներ ունեք բանակային տարիներից։

— Ցանկացած իրավիճակից փորձում եմ մաքսիմալ օգուտ քաղել: Հետևաբար հույս ունեմ, որ երկու տարի հետո անցած երկու տարիները ժամանակի կորուստ չեմ համարի: Փորձությունները կոփում են մարդուն (ոչ միայն ֆիզիկապես): Կարծում եմ՝ չեմ ձանձրանա:

— Եթե հնարավորություն ունենայիք բանակ չգնալ, կօգտվեի՞ք։

— Եթե դա լիներ օրինական ճանապարհով, երևի՝ այո, քանի որ կարծում եմ այլ ոլորտում ավելի օգտակար կլինեմ հայրենիքին:

— Իսկ անօրինակա՞ն։

— Միանշանակ՝ ոչ։

— Որտե՞ղ կուզենայիք ծառայել։

— Շատ են այս հարցը տալիս, ու բոլորին պատասխանում եմ, որ ինձ համար ոչ մի տարբերություն չկա, թե որտեղ կծառայեմ: Մի քանի ամիս առաջ առաջին անգամ եղա Արցախում ու շատ լավ տպավորություններով էի վերադարձել: Հաճույքով կծառայեի նաև Արցախում:

— Իսկ մտածե՞լ եք, թե ինչ ստորաբաժանումում կցանկանայիք ծառայել։

— Փոքրուց ցանկացել եմ դիպուկահար լինել, բայց դժվար թե բախտ վիճակվի, քանի որ դիպուկահարները անթերի տեսողություն պետք է ունենան: Ինչ արած … Այդ դեպքում թերևս կապի կամ հրետանու ստորաբաժանումներում կցանկանայի ծառայել, որտեղ կկարողանայի կիրառել մաթեմատիկական գիտելիքներս:

Հրետանու նկատմամբ հետաքրքրությունս առաջացել է նաև Զորակն հիմնադրամի «Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոցում» սովորելիս:

— Ինչպիսի՞ն եք պատկերացնում Ձեզ՝ երկու տարի անց։

— Սովորաբար երկարաժամկետ ոչինչ չեմ պլանավորում։ Կապրենք՝ կտեսնենք։ Մտածելու համար երկու տարի ժամանակ ունեմ։ Երևի ավելի փորձառու կլինեմ մարդկային հարաբերություններում:

— Սիրած զբաղմունք ունեք, ինչպե՞ս եք տնօրինում Ձեր ազատ ժամանակը։

— Սիրած զբաղմունքներ շատ կան. ընթերցանություն, լուսանկարչություն, ֆուտբոլ։

— Տիգրան, ո՞ր երկրի հավաքականի երկրպագու եք։

— Իհարկե, Հայաստանի … մյուս հավաքականներից կոնկրետ նախընտրածները չկան. պարզապես գեղեցիկ ֆուտբոլի երկրպագու եմ:

— Ի՞նչը կամ ո՞ւմ ամենից շատ կկարոտեք։

— Ծնողներիս ու ընկերներիս կկարոտեմ: Կկարոտեմ նաև իմ քաղաքը՝ Վանաձորը, որը ոչ մի ուրիշ քաղաքի հետ չէի փոխի: Ու, չծիծաղեք, ֆուտբոլը կկարոտեմ :) , բայց դեռ հույս ունեմ, որ բանակում ֆուտբոլ նայելու հնարավորություն կլինի:

(Ձախից) Տիգրան Մատինյան

(Ձախից) Տիգրան Մատինյան

— Եթե հնարավորություն ունենաք բանակում ինչ-որ բան փոխել, ի՞նչը կլինի։

— Իմ համոզմամբ՝ բանակը ճիշտ ուղղությամբ է շարժվում: Կփորձեի արագացնել այդ պրոցեսը: Մտածում էի՝ գուցե լավ կլիներ 2 տարին կրճատել 1,5 սարքել: Սակայն հասկանում եմ, որ հիմա պարտադիր զինծառայության տևողությունը չկրճատելու բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ կան:

— Բանակում ինչի՞ց եք «վախենում»։

— Ձանձրանալուց։

— Ձեզ պարտադիր զինծառայությունից հետո որպես սերժանտ կամ սպա պատկերացնո՞ւմ եք։

— Ինչո՞ւ ոչ: Ամեն ինչ հնարավոր է:

— Բանակում ի՞նչ նոր բան կմտցնեիք։

— Ինչ մտքովս անցնում է՝ արդեն կա :) Ամեն դեպքում բոլոր զորամասերում կուզենայի գրադարաններ լինեն։

— Հայկական բանակում ի՞նչն է ամենաշատը Ձեզ դուր գալիս։

— Առաքելությունը։ Մեր բանակը տարածաշրջանում խաղաղություն պահպանող կարևորագույն գործոնն է ու մեր երկրի գոյատևման երաշխիքը: Սրանք զուտ ինչ-որ տեղից լսած խոսքեր չեն: Այս եզրակացություններին եկել եմ ինքս՝ ուսումնասիրելով հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, քաղաքական վիճակը, բանակցությունների ընթացքն ու պատմությունը:

Հարցազրույցը՝ Հասմիկ Մելիքսեթյանի։

2 responses to “Հաճույքով կծառայեի Արցախում. Տիգրան Մատինյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *